Դպրոցի տնօրենը հրաժարվում է երեխայիս դպրոց ընդունել, ասում է, որ տեղ չկա: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Կրթություն

Դպրոցի տնօրենը հրաժարվում է երեխայիս դպրոց ընդունել, ասում է, որ տեղ չկա: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

ՀՀ Սահմանադրության համաձայն, պետությունն ապահովում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը: Հանրակրթական դպրոցները բաշխված և տեղակայված են ըստ վարչատարածքային բաժանումների: Երեխաներին դպրոց ընդունելն իրականացվում է ըստ հաշվառման հասցեի համապատասխան վարչական տարածքը սպասարկող դպրոցների միջոցով:  

Դպրոցի տնօրենը պարտավոր է հանրակրթական դպրոց ընդունել յուրաքանչյուր երեխայի, սակայն կարող է կաշկանդված լինել դպրոցի ծանրաբեռնվածության և տեխնիկական հնարավորություններով: Յուրաքանչյուր դպրոց կարող է կազմակերպել կոնկրետ քանակով երեխաների ուսում՝ ելնելով իր մեծությունից, ծանրաբեռնվածությունից և այլ հանգամանքներից: Այս դեպքում դպրոցի տնօրենը պետք է երեխային և ծնողին ուղղորդի մոտակա այլ հանրակրթական դպրոց։

Պարզելու համար, թե արդյո՞ք տնօրենի մերժումը իրավաչափ է, թե՝ ոչ, անհրաժեշտ է զանգահարել Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-08 հեռախոսահամարով, կամ անմիջապես դպրոցների նկատմամբ Երևան քաղաքում վերահսկողություն իրականացնող՝ Երևանի քաղաքապետարանի կրթության բաժին՝ 011 514-249 և 011 514-250 հեռախոսա­համարներով։ Անհրաժեշտ է ներկայացնել խնդիրը, հայտնել դպրոցի անվանումը և խնդրել հայտնել տեղեկություններ՝ տվյալ դպրոցի ծանրաբեռնվածության մասին։ Իսկ եթե դպրոցը գտնվում է մարզերում, ապա անհրաժեշտ է խնդրի մասին հայտնել համապատասխան համայնքի ղեկավարին կամ մարզպետարանի աշխատակազմին։ Բոլոր դեպքերում, տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության թեժ գիծ՝ 010-527-343 հեռախոսահամարով։

Բացի այդ, Դուք նաև զրկված չեք դիմում ներկայացնել ցանկացած այլ դպրոցում Ձեր երեխայի ուսումը ապահովելու նպատակով, և այդ հարցում նշանակություն չունի այն, որ Դուք հանդիսանում եք այլ համայնքի կամ վարչական շրջանի բնակիչ։ Դուք կարող եք նաև Ձեր երեխայի ուսումը կազմակերպել նաև այլ մասնավոր ուսումնական հաստատություններում, որտեղ ուսումը կազմակերպում են վճարովի եղանակով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո14
Ոչ2