Իմ նկարով ֆեյք են բացել ու վարկաբեկում են ինձ։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ
Անձի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում նաև լուսանկարները, հանդիսանում են մասնավոր կյանքի բաղադրիչ, և առանց անձի համաձայնության այդ տվյալների հավաքումը, մշակումը և օգտագործումը արգելվում է օրենքով, և հանդիսանում է անձի մասնավոր կյանքը հարգելու իրավունքի խախտում։
Այն դեպքում, երբ այդ տվյալների օգտագործումը վնաս է հասցնում անձի պատվին և արժանապատվությանը, ապա առկա է կրկնակի խախտում։
Սոցիալական ցանցերում նման երևույթներն առավել տարածում ունեն, առավել ևս, երբ տվյալները հրապարակվել են Ձեր կողմից կամովին և գաղտնիության հատուկ ռեժիմով չեն պաշտպանվում։
Այն դեպքում, երբ հայտնաբերել եք, որ Ձեր տվյալներով, ներառյալ Ձեր լուսանկարները, բացվել են ֆեյսբուքյան կամ այլ սոիալական կայքի էջեր, ապա․
- Յուրաքանչյուր սոցիալական կայք՝ Facebook.com, Vkontakt.ru, odnoklassniki.ru և այլն, ունեն հատուկ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս բողոքներ ուղարկելով՝ արգելափակել կոնկրետ սոցիալական էջի օգտատիրոջ գործողությունները։ Անհրաժեշտ է դիմել տվյալ սոցիալական կայքի ադմինսիտրացիային՝ պահանջելով արգելափակել տվյալ օգտատիրոջ գործողությունները՝ որպես ֆեյք/կեղծ օգտատիրոջ։
- Անհրաժեշտ է համապատասխան դիմում-բողոք ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»՝ խնդրելով հարուցել համապատասխան վարույթ: Դիմում-բողոքին պետք է կցել ֆեյք էջից կատարված բոլոր արտատպումները։
- Անհրաժեշտ է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ խնդրելով նախապատրաստել նյութեր և պարզել, թե ով է առանց Ձեր համաձայնության օգտագործել Ձեր տվյալները։
Պետք է պահպանել ֆեյք/կեղծ էջերի էլեկտրոնային հղումները, արտատպել ֆեյք էջի բոլոր հատվածները տպիչ սարքի միջոցով, որտեղ կերևան նաև Ձեր լուսանկարները կամ անձնական տվյալները, արտատպել նաև տվյալ ֆեյք էջի «ընկերներ» և այլ բաժինների հատվածները։
Հարկ է նշել, որ անձնական տվյալների հավաքման կամ օգտագործման օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ, առաջացնում է վարչական պատասխանատվություն, մասնավորապես, տուգանքի նշանակում` 200,000-ից 500,000 դրամի չափով:
Մարդու անձնական տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով, պատժվում է տուգանքով՝ 200,000-ից 500,000 դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն» ներկայացվող դիմում-բողոքի ձևը կարող եք ներբեռնել այստեղից։