Ի՞նչ անել, եթե ոստիկանության բաժնում ենթարկվել եք բռնության

Ոստիկանություն

Ի՞նչ անել, եթե ոստիկանության բաժնում ենթարկվել եք բռնության

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի՝ խոշտանգում է համարվում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով։ 

Ընդ որում՝ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը սահմանադրական (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մաս, 23-րդ հոդված, 25-րդ և 26-րդ հոդվածներ) և կոնվենցիոնալ (ՄԻԵԿ 3-րդ հոդված) մակարդակով պաշտպանվող բացարձակ իրավունք է, այսինքն՝ այն որևէ դեպքում ենթակա չէ սահմանափակման։ 

Այսինքն՝ խոշտանգումը հանցագործություն է։

Անհրաժեշտ է նաև ամրագրել, որ ոստիկանությունն ունի հարկադրական բնույթի լիազորությունների իրականացման իրավունք, որը պետք է ուղղված լինի Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։

Եթե ոստիկանության կամ այլ իրավապահ մարմնում Ձեր նկատմամբ բռնություն է կիրառվել, ապա խիստ անհրաժեշտ է ահազանգել անհապաղ, քանի որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է դժվար լինելու ապացուցել բռնության փաստը: Խիստ կարևոր է այդ դեպքի մասին իրավապաշտպան կազմակերպություններին (օրինակ՝ ՀՔԱՎ, հեռախոսահամար՝ +374 94 042268 և +374 77 032268), փաստաբանին (ՀՊԳ հեռախոսահամար՝ +374 10 600714) և/կամ Մարդու իրավունքների պաշտպանին (շուրջօրյա հեռախոսահամար՝ +374 96 116100) դիմելը: Ընդ որում, ՄԻՊ-ին կապվելուց հետո, որպես կանոն, բռնությունները դադարում են:

Պետք է հաշվի առնել, որ նման դեպքերում հաճախ ոստիկանության բաժինների տեսախցիկների ու համազգեստի անհատական տեսախցիկների ձայնագրություններն «անհետանում են»: Դրա համար կարևոր է առավելագույնս հստակ հիշել բռնություն գործադրողներին՝ մտապահելով, թե կոնկրետ ով և ինչ տեսակի բռնության էր դիմում:

Հակառակ պարագայում, բռնարարները դատարանում մեղքը միմյանց վրա կբարդեն, ու թեև պարզ կլինի, որ իրենցից մեկն է գործադրել բռնությունը, սակայն հնարավոր չի լինի անհատականացնել մեղքը, ինչի հետևանքով բռնարարները կարող են չենթարկվել որևէ պատասխանատվության:

Կարևոր է նաև հիշելը, որ ոստիկանություն տարվելու ճանապարհին ոստիկանական մեքենայում յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում: Նման տեսանկարահանումը ստիպում է ոստիկաններին գործել օրենքի շրջանակներում:

Միաժամանակ, անհրաժեշտ է հիշել, որ քրեական հետապնդման մարմինը պարտավոր է ապահովել բերվածի իրավունքների իրականացումը` բերվածի իրավունքները գրավոր պարզաբանելու, նրան առնվազն մեկ զանգի հնարավորություն ընձեռելու, բերվածի փաստաբանի մուտքը չխոչընդոտելու եղանակներով:

Եվ հիշե՛ք․ խիստ կարևոր է, որ ոստիկանություն հասնելուց հետո հնարավորինս շուտ ունենաք փաստաբան, քանի որ փաստաբան ունենալու պարագայում ոստիկանները կվախենան բռնություն գործադրել Ձեր նկատմամբ:

Պետք է նաև հաշվի առնել, որ բռնություն գործադրելուց հետո ոստիկանները միգուցե փորձեն Ձեր նկատմամբ «փափուկ» լինել, Ձեր սիրտը շահել և նույնիսկ ինչ-որ թվացյալ արտոնություններ խոստանալ՝ բռնության համար բողոք չներկայացնելու դիմաց: Սակայն այդ խոստումները պահվում են այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր մարմնին առկա են բռնության հետքերը: Հետքերն անհետանալուց հետո ոստիկանները ոչ միայն չեն պահի խոստումները, այլ նաև նորից կդիմեն բռնության՝ հասկանալով, որ խոչընդոտներ չկան:

Հիշե՛ք նաև, որ բացի ֆիզիկական բռնությունից, Ձեր նկատմամբ կարող է կիրառվել հոգեբանական բռնություն (օրինակ՝ սպառնալիք), որը ևս ապօրինի է և հավասարապես հետապնդվում և պատժվում է Քրեական օրենսդրությամբ։ 

Խոշտանգման փաստի առթիվ կարող եք ներկայացնել հանցագործության հաղորդում, որի ձևը կարող եք ներբեռնել այստեղ։ 

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո0
Ոչ0