Մեզ բերման են ենթարկել խաղաղ ցույցի ժամանակ՝ ֆիզիկական ուժի կիրառմամբ։ Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Ոստիկանություն

Մեզ բերման են ենթարկել խաղաղ ցույցի ժամանակ՝ ֆիզիկական ուժի կիրառմամբ։ Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ կարող է գործադրել որպես բացառիկ միջոց՝ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի գործադրումը սահմանափակելու նպատակով։ Ընդ որում, ֆիզիկական ուժը կիրառում են՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավա­խախտման բնույթից ու իրավախախտի անձից:

Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար, կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է նաև ֆիզիկական ուժ գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով: Իսկ օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Եթե խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանության ծառայողը առանց նախազգուշացնելու անմիջապես գործադրել է ֆիզիկական ուժ, ապա այստեղ առկա է ոստիկանի կողմից օրենքի խախտում, քանի որ յուրաքանչյուր անձ ունի խաղաղ ցույցներին մասնակցելու իրավունք, իսկ առանց անձին նախազգուշացնելու կամ գոնե օրինական պահանջ ներկայացնելու միանգամից ֆիզիկական ուժ կիրառելը արգելված է ոստիկանի համար։ Նման իրավիճակներում անհրաժեշտ է ֆիզիկական ուժ կիրառած ոստիկանի մասին ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ (պաշտոն, անուն ազգանուն, տեսաձայնագրություն կամ լուսանկար, կրծքանշանի համար), որպեսզի կարողանաք կատարվածի մասին ահազանգել համապատասխան իրավապահ մարմիններ։ Ձեր բոլոր բողոքները կարող եք ներկայացնել ոստիկանության պետի անունով կամ զանգահարել ոստիկանության ներքին անվտանգության վարչության թեժ գիծ հետևյալ հեռախոսա­համարով՝ 011-52-93-38, կամ այն գրավոր դիմումի տեսքով ներկայացնել ոստիկանության պետի անունով հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Նալբանդյան փողոց 130։ Կարող եք նաև Ձեր բողոքները ներկայացնել էլեկտրոնային կարգով հետևյալ հղումով։

Որպես ոստիկանության ծառայողի անհարգալից գործողությունների դեմ արագ արձագանքման միջոց՝ արդյունավետ է անմիջապես ահազանգել նաև Մարու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ 116 հեռախոսահամարով, հայտնել Ձեր գտնվելու վայրը և մյուս մանրամասն տեղեկությունները, Ձեր բոլոր բողոքներն ու առարկությունները ոստիկանի վարքագծի մասին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո5
Ոչ0