Կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացած եմ և աշխատանքի չեմ գնում, բայց աշխատավարձս չեն տալիս։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ
08.05.2020 թ․-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում գործատունները պարտավոր են վարձատրել իրենց այն աշխատակիցներին, որոնք կորոնավիրուսով վարակված լինելու հիմքով ինքնամեկուսացած են տանը։ Ավելին, օրենսդրական փոփոխությունները գործատուներին հնարավորություն են տալիս հանձնարարել այդպիսի աշխատակիցներին իրենց աշխատանքը կատարել տնից՝ հեռավար եղանակով։ Ընդ որում, այս հիմքով հեռավար եղանակով աշխատանքի կատարումը չի համարվում աշխատանքային պայմանների էական փոփոխություն, և գործատուն իրավասու չէ լուծել աշխատանքային պայմանագիրը։ Իսկ եթե աշխատողի՝ կորոնավիրուսով վարակված լինելու և տանը ինքնամեկուսացած լինելու պայմաններում հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ հեռավար եղանակով, ապա չօգտագործված ամենամյա արձակուրդ ունենալու պարագայում աշխատողի պահանջով գործատուն աշխատողին պարտավոր է տրամադրել ամենամյա արձակուրդ՝ կատարելով համապատասխան արձակուրդային վճարումները:
Կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում գործատուներին հնարավորություն է ընձեռվել աշխատողներին չվճարել աշխատավարձերը՝ անհաղթահարելի ուժի առաջանալու ժամանակահատվածում, երբ գործատուի գործունեությունը ևս դարձել է անհնար՝ ստեղված անհաղթահարելի ուժի հետևանքով։
Այսինքն գործատուն կարող է աշխատավարձ չվճարել միայն այն դեպքում, երբ համաճարակի պատճառով դադարեցրել է իր գործունեությունը։
Կորոնավիրուսի դրական թեստի դեպքում անհրաժեշտ է գործատուին դիմում գրել՝ հայտնելով վարակված լինելու մասին՝ կցելով կորոնավիրուսի թեստի պատասխանը։ Գործատուն, ստանալով դիմումը, պարտավոր է այն ընդունել ի գիտություն և կատարել վերոնշյալ օրենսդրական պահանջները։ Իսկ աշխատանքային իրավունքների խախտման դեպքում կարելի է դիմել դատարան՝ ինքնամեկուսացումից դուրս գալուց հետո։