Ի՞նչ անել և ում դիմել, երբ ոմանք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները՝ վտանգելով իմ և մյուսների առողջությունը

Կորոնավիրուս

Ի՞նչ անել և ում դիմել, երբ ոմանք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները՝ վտանգելով իմ և մյուսների առողջությունը

ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակում ՀՀ կառավարությունը սահմանել է մի շարք կանոններ, որոնք յուրաքանչյուր անձի կողմից պետք է պահպանվեն՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով։

Այս առումով ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ այն դեպքերի համար, երբ քաղաքացիները խախտում են հակահամաճարակային կանոնները։ Այսպես, սանիտա­րա­հակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելը առաջաց­նում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 10,000-20,000 ՀՀ դրամի չափով, պաշ­տոնատար անձանց նկատմամբ` 40,000-100,000 ՀՀ դրամի չափով:

Ավելին, կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուց­ման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գոր­ծունեության սահմանափակումները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 100,000-300,000 ՀՀ դրամի չափով:

Վարչական պատասխանատվություն է նախատես­ված նաև այն դեպքերի համար, երբ քաղաքացիները կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտում են։ Այդպիսի արարքը տուգանվում է 10,000 դրամի չափով։

Երբ նկատում եք, որ այլ քաղաքացիների կողմից չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, ապա կարող եք, նախ, առաջարկել քաղաքացիներին վերացնել խախտումը՝ չվտանգելով Ձեր և մյուսների առողջությունը, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ահազանգել ոստի­կա­նություն՝ 010-54-69-14 հեռախոսահամարով, կամ COVID-19-ի տեղական կամ համապետական ճգնաժա­մային հեռախոսահամարին՝ 8003, հայտնելով խախտման վերաբերյալ մանրամասնու­թյունները։ Իսկ եթե հակահամաճարակային կանոնները խախտվել են քաղաքացիների սպա­սարկ­ման կամ տնտեսական գործունեության այլ վայրերում, ապա կարող եք խախտումը արձանագրելու նպատակով այն լուսանկարել կամ տեսանկարահանել, որից հետո արձանագրված խախտումներն էլեկտրոնային փոստով ուղարկել ոստիկանության հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected], կամ դիմումը-բողոքն ուղարկել հետևյալ կայքով:

Կարող եք նաև խախտումների վերաբերյալ ահազանգել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-55-06-01, 010-55-06-02, կամ դիմում-բողոքն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո65
Ոչ24