Փոփոխություններից հետո դեղատունը չի վաճառում դեղերս առանց դեղատոմսի, իսկ բժիշկս արձակուրդում է. ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմել
Հարկ է ընդգծել, որ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակավարակային դեղերը, հուլիսի 1-ից` ներարկման համար նախատեսված դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից` դեղատոմսով բաց թողնվող մնացած բոլոր դեղերը:
Դեղատոմսով դեղեր վաճառելու իմաստը կայանում է նրանում, որ բժիշկը, դեղատոմս գրելով, ապահովում է պացիենտին նշանակված դեղերի ճշգրիտ և կանոնակարգված օգտագործումը, պացիենտի հետ հետևողական և շարունակական աշխատանքը, բուժման ընթացքի հսկողությունը, ինչը հանդիսանում է բուժման արդյունավետության բարձրացման կարևոր գրավականը:
Եթե դեղատունը առանց դեղատոմսի մերժել է վաճառել դեղը, որի պատճառով դեղատոմսը դարձել է շտապ անհրաժեշտ՝ դեղը ձեռք բերելու համար, իսկ բուժող բժիշկը բացակայում է, ապա նման դեպքում դուք կարող եք դեղատոմս ստանալու համար դիմել Ձեր պոլիկլինիկա՝ փոխարինող բժշկին կամ դիմել ցանկացած բժշկական հաստատություն, ստանալ բժշկական խորհրդատվություն, որից հետո բժիշկը կարող է նշանակել դեղատոմս։ Ընդ որում, Դուք կարող եք դիմել ինչպես այլ բուժհաստատությունում աշխատող անծանոթ, այնպես էլ՝ Ձեզ համար ծանոթ բժիշկների, քանի որ դեղատոմս գրելու իրավունք ունեն բոլոր բուժող բժիշկները: Սակայն պետք է նկատի ունենալ, որ շտապօգնության բժիշկները չեն կարող և իրավունք չունեն կանչի ժամանակ դեղատոմս դուրս գրել քաղաքացու համար։
Հարկ է հիշել և նկատի ունենալ, որ պացիենտը դեղատոմսն իր պոլիկլինիկայից ստանում է անվճար, իսկ այլ բժշկական հաստատություն դիմելու դեպքում՝ պետք է վճարի միայն բժշկական խորհդատվության համար, իսկ առանձին դեղատոմսերի համար չպետք է վճարի: Դեղատոմս դուրս գրելուց բժիշկը իրավունք չունի ուղղորդել կամ պարտադրել պացիենտին դեղը գնել իր ասած դեղատնից, կամ գնել հենց իր կողմից մատնանշված ապրանքանիշի դեղը։ Դեղատունը և դեղի ապրանքանիշը ընտրելը պացիենտի իրավունքն է։ Ավելին, կարող եք դեղը գնել Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած դեղատնից՝ առանց որևէ տարածքային սահմանափակման։ Դեղատոմսը դուրս գրելուց հետո դրանով որոշ տեսակի դեղերի համար դեղատոմսի գործողության ժամկետը 6 ամիս է, իսկ որոշների դեպքում՝ 10 օրկ որի մասին նշում է առկա լինելու դեղատոմսի վրա։
Բժիշկը կարող է մերժել դեղատոմս դուրս գրել, եթե դուք պահանջում եք դեղատոմս, սակայն հրաժարվում եք բժշկական զննությունից, կամ եթե բժշկական զննման արդյունքների հիման վրա բժիշկը եզրակացնում է, որ Ձեզ դեղ անհրաժեշտ չէ: Այլ դեպքերում դեղատոմս դուրս գրելուց հրաժարվելու դեպքում կարող եք անմիջապես ահազանգել Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով։
Դեղատոմսով կամ առանց դրա վաճառվող դեղերի անվանացանկերին կարող եք մանրամասն ծանոթանալ հետևյալ հղումով:
Դեղերի վաճառքի, դեղատոմսերի դուրսգրման և այլ նմանատիպ հարցերի մասին լրացուցիչ պարզաբանումների կարող եք ստանալ՝ զանգահարելով ՀՀ Առողջապահության Նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության վարչություն՝ 060-80-80-03 հեռախոսահամարով, կամ «Թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով։