Իմ ֆեյսբուքյան էջը կոտրել են և սկսել են տարբեր գրառումներ կատարել իմ մասին․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ոստիկանություն

Իմ ֆեյսբուքյան էջը կոտրել են և սկսել են տարբեր գրառումներ կատարել իմ մասին․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

ՀՀ քրեական օրենսգրքի 251-257-րդ հոդվածներով սահմանված են համակարգչային տեղե­կատ­վության անվտանգության դեմ ուղղված քրեական հանցագործությունների տեսակ­ները, որոնցից է նաև համա­կարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը։ Մասնավորապես, համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքե­նայական կրիչների վրա պահվող և օրենքով պահպանվող տեղեկատվության համա­կար­գի որևէ մաս կամ ամբողջությամբ համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներ­թափանցելը), որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ և անզգուշությամբ առա­ջացրել է տեղեկատվության փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում կամ ուղեփակում (մե­կու­­սացում) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ ցանցի, կամ համակարգչային սարքավորումների շարքից դուրս բերում կամ այլ զգալի վնաս՝ պատժվում է տուգանքով՝ 200․000-400․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Եթե Ձեր ֆեյսբուքյան էջը կոտրել են այլ անձինք և առանց ձեր թույլտվության՝ ապօրինի, մուտք են գործել այն, փոխել են գաղտնաբառը, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ անհայտ անձինք կատարել են հանցավոր արարքներ և արդյունքում տիրացել են համակարգչային ցանցում պահով և Ձեր կողմից գաղտնաբառով պաշտպանված տեղեկատվությանը։

Կատարվածը կանխելու և հանցագործություն կատարած անձանց բացահայտելու համար պետք է դիմել ոստիկանություն՝ մանրամասն ներկայացնելով կատարվածը, հայտնելով, թե երբ են կոտրել ձեր ֆեյսբուքյան էջը, և ում եք կասկածում, եթե այդպիսիք կան։

Հանցագործության մասին հաղորդման կազմման ձևը կարող եք ներբեռնել մեր կայքում հրապարակված մեկ այլ հրապարակումից, որտեղ կարող եք ծանոթանալ, թե ուր պետք է այն ներկայացվի։ Հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարկ է իմանալ, որ վերոնշյալ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ հարուցվելուց հետո իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվելու է Ձեր ֆեյսբուքյան էջը կոտրած անձի ինքնությունը և նրան առաջադրվելու է մեղադրանք, և հետագայում, որքան էլ որ ցանկանաք Ձեր՝ որպես տուժողի, բողոքը հետ վերցնել, ապա բողոքը հետ վերցնելու հիմքով քրեական գործը չի կարճվի, քանի որ այդ հանցագործության դեպքում մեղադրանքը հանրային է, այսինքն՝ անկախ Ձեր կողմից բողոք ներկայացնելուց՝ պետությունն է մեղադրանք առաջադրելու այդ անձանց։ Ուստի, եթե կան կասկածներ, որ Ձեր ֆեյսբուքյան էջի կոտրվելը զուտ չար կատակ է կամ կատարվել է Ձեր մտերիմ անձանց կողմից, ապա պետք է մինչ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը խորը մտածել այդ մասին և նոր որոշում կայացնել հաղորդում ներկայացնելու մասին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո16
Ոչ0