Էլիտար շենքի բնակիչները կայանատեղիի արգելափակոցը բացելու համար ազդանշաններ են տալիս ու խանգարում անդորրս․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ոստիկանություն

Էլիտար շենքի բնակիչները կայանատեղիի արգելափակոցը բացելու համար ազդանշաններ են տալիս ու խանգարում անդորրս․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Համաձայն ճանապարհային երթևեկության կանոնների 136 կետի, ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն․

1) բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգու­շացնելու համար,

2) այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

Բացի վերոնշյալ երկու դեպքերից, տրանսպորտային միջոցների վարորդներն իրավունք չունեն այլ իրավիճակներում կամ այլ նպատակների համար տան ձայնային ազդանշան։ Իսկ նման գործողությունների կատարումը կհանգեցի ՃԵԿ կանոնների խախտման, հետևաբար՝ նաև վարչական պատասխանատվության։ Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով։ Այս մասին քաղաքացիները պետք է ահազանգեն Ճանապարհային ոստիկանություն 1-70 հեռախոսահամարով՝ հայտնելով, թե որ տրասնպորտային միջոցի կողմից, երբ և որտեղ է տրվել կամ տրվում անհարկի ձայնային ազդանշան, որից հետո նշված հասցե կգան ՃՈ աշխատակիցները և, իրավախախտին բացահայտելու դեպքում, նրան կենթարկեն վարչական պատասխանատվության։

Նման իրավիճակում կա մեկ այլ սահմանափակում, մասնավորապես՝ եթե վարորդները ձայնային ազդանշանները տալիս են գիշերային ժամերին՝ 23։00-ից հետո մինչև 07։00, և դա հանգեցնում է քաղա­քացիների անդորրի խանգարման։ Նման գործողությունների համար ևս սահմանված է վարչական պատասխանատվություն։ Մասնավորապես, գիշերային ժամանակ (ժամը 23։00-ից մինչև 7։00-ն, բացա­ռությամբ այն դեպքերի, երբ լռությունը խախտվում է հասարակական օբյեկտների աշխատողների կողմից) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը, կամ ձայնային ազդանշաններ տալը, կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտո­ֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում, կամ բնակելի տարածություններում, կամ բակերում, կամ փողոցներում, կամ այլ հասարակական վայրերում, կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրա­ժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը, առաջացնում են նախազգուշացում: Նախազգուշացման կիրառումից հետո նույն անձի կողմից գիշերային անդորրը մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում տվյալ անձը ենթակա է վարչական պատասխանատվության՝ 40,000 դրամի չափով։

Վարորդների կողմից Ձեր գիշերային անդորրը խանգարելու դեպքերի մասին պետք է ահազանգեք 1-02 հեռախոսահամարով՝ հայտնելով կատարվածը, հասցեն ու հնարավորության դեպքում՝ մեքենայի պետհա­մարանիշները։ Ահազանգից հետո ոստիկանության համայնքային տեսուչները կգան հասցե և Ձեր գիշե­րային անդորրը խանգարողներին առաջին անգամ կնախազգուշացնեն, որ այլև նման գործո­ղու­թյուններ չկատարեն՝ կազմելով արձանագրություն նախազգուշացման մասին, իսկ երկրորդ անգամ կրկնվելու դեպ­քում՝ ոստիկանության աշխատակիցները կտուգանեն 40,000 դրամով։

Որպեսզի ոստիկանության աշխատակիցները կարողանան իրավախախտին բացահայտել ու նրան վարչական պատասխանատվության ենթարկել, ապահովության համար անհրաժեշտ կլինի, որ Դուք տեսաձայնագրեք այն տրանսպորտային միջոցները, որոնք խանգարում են Ձեր գիշերային անդորրը, որից հետո այդ տեսանյութերը պետք է ներկայացնել վերոնշյալ իրավասու անձանց՝ ՃՈ կամ ոստիկանություն։

Իսկ եթե ՃՈ և ոստիկանության աշխատակիցները ժամանակին չարձագանքեն կամ որևէ միջա­մտություն չկատարեն, ապա կարող եք ոստիկանության աշխատակիցների անգործության մասին ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 116 հեռախոսահամարով։ Ձեր գիշերային անդորրը պաշտպանված կլինի, եթե Դուք ինքներդ վերոնշյալ կարգով ձեռնամուխ լինեք դրա պաշտպանությանը։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո7
Ոչ0