Ցանկանում եմ իմ խնդիրը լուծելու նպատակով դիմել դատարան, բայց չգիտեմ, թե ինչպես․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Դատարաններ

Ցանկանում եմ իմ խնդիրը լուծելու նպատակով դիմել դատարան, բայց չգիտեմ, թե ինչպես․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Եթե ցանկանում եք Ձեր խնդրով դիմել դատարան, ապա անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրու­թյամբ սահմանված այն բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված են դատարան դիմելու համար։ Դատարան դիմելու համար անհրաժեշտ է կազմել և ներկայացնել հայցադիմում։ Հայցադիմումը պետք է դատարան ներկայացնել գրավոր։ Կարող եք այն ներկայացնել ինչպես տպագիր (համակարգչով կազմված), այնպես էլ ձեռագիր։ Միակ պահանջն այն է, որ հայցադիմումի բովանդակության մեջ նշված լինեն այն նվազագույն տեղեկությունները, որոնք պարտադիր են ՀՀ օրենսդրությամբ։ Հայցադիմումի  ձևի և բովանդակության համար առաջադրված են հետևյալ պահանջները․

  1. Հայցադիմումը պետք է լինի ընթեռնելի, այսինքն՝ այն պետք է գրված լինի այնպես, որ­ դատարանի աշխատակիցները կարողանան կարդալ և հասկանալ բովանդա­կու­թյունը։
  2. Հայցադիմումում պետք է նշել այն դատարանի անվանումը, որին ներկայացվում եք հայցադիմումը, պետք է նշեք Ձեր անունը, ազգանունը և հայրանունը, Ձեր հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, փոստային նամակներն ուղարկելու հասցեն, եթե այն տարբերվում է Ձեր հաշվառման կամ բնակության վայրի հասցեից, Ձեր անձնագրային տվյալները (անձնագրի սերիան, որի կողմից է տրված և երբ),
  3. Հայցադիմումում պետք է նշել այն անձի անունը, ազգանունը և հայրանունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, որի դեմ ներկայացնում եք Ձեր պահանջները,
  4. Եթե կարծում եք, որ Ձեր գործին պետք է մասնակից դառնան այլ անձինք ևս, որոնց իրավունքները կարող են շոշափվել Ձեր գործով, ապա պետք է նշեք նաև այդ անձանց տվյալները,
  5. Հայցադիմումում պետք է նշել, այն փաստերը, որոնց վրա հիմնվում են մյուս կողմի դեմ ուղղված Ձեր պահանջները, իսկ եթե պահանջում եք, որ գումար բռնագանձվի մյուս կողմից, ապա պետք է հստակ նշեք պահանջվող գումարի չափը և դրա հաշվարկը,
  6. Հայցադիմումում պետք է հստակ նշել Ձեր բոլոր այն պահանջները, որոնք ուղղված են մյուս կողմի դեմ, իսկ եթե մի քանի անձանց դեմ եք ցանկանում պահանջներ ներկայացնել, ապա հայցադիմումում պետք է նշել յուրաքանչյուրի դեմ ուղղված Ձեր պահանջները՝ առանձին-առանձին,
  7. Հայցադիմումում նաև պետք է նշել այն փաստաթղթերի ցանկը, որոնք ցանկանում եք դատարանին՝ թվարկելով դրանք հերթականությամբ։

Վերոնշյալում թվարկված են հայցադիմումի բովանդակությանն առաջադրված պարտադիր պայ­մանները, և դրանցից բացի հայցադիմումում հավելյալ տեղեկությունները կարող եք նշել և շարադրել ըստ Ձեր ցանկության։ Դրանում կարող եք նշել այն օրենքներն ու կանոնները, որոնք, ըստ Ձեզ, պետք է կիրառվեն, կարող եք շարադրել Ձեր հիմնավորումները և դիրքորոշումները հայցադիմումին կցված փաստաթղթերի և ապացույցների վերաբերյալ՝ նշելով, թե դրանցով ինչ եք ուզում ապացուցել, կարող եք նշել, թե ինչ գործողություններ եք մինչև դատարան դիմելը կատարել՝ վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այլ ցանկացած տեղեկություններ, որոնք, ըստ Ձեզ, նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար։ Հայցադիմումը պետք է ստորագրել անձամբ կամ այն կարող է ստորագրել Ձեր ներկայացուցիչը՝ պայմանով, որ հայցադիմումին կկցեք նաև ներկայացուցչի լիազորագրի բնօրի­նակն ու անձնագրի պատճենը։

Որպեսզի դատարանը վարույթ ընդունի Ձեր հայցադիմումը, պետք է վճարեք նաև օրենքով սահմանված պետական տուրքի գումար յուրաքանչյուր պահանջի համար։ Եթե Ձեր պահանջը գումարային է, ապա պետք է վճարեք պահանջած գումարի 2%-ը, իսկ եթե գումարային պահանջ չէ, ապա պետք է մեկ պահանջի համար վճարեք 4000 դրամ գումար։ Պետք է նկատի ունենալ, որ որոշակի պահանջների համար օրենքով ազատված եք պետական տուրքի վճարումից։ Այդ դեպքերին կարող եք ծանոթանալ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում հետևյալ հղմամբ։ Պետական տուրքի վճարումը կարող եք կատարել ցանկացած բանկում՝ այն վճարելով հետևյալ հաշվեհամարին 900005016010 (պետք է Ձեզ հետ ունենաք սոցիալական քարտը)։

Միաժամանակ, Ձեր հայցադիմումին պետք է կցեք Ձեր անձնագրի պատճենը, հայցադիմումի համար նախատեսված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը, լիազորագիրը և ներկայացուցչի անձնագրի պատճենը, եթե հայցադիմումը պետք է ստորագրի Ձեր ներկայացուցիչը, հայցադիմումը և կից փաստաթղթերը մյուս կողմին ուղարկելը հավաստող փոստային անդորրագրի բնօրինակները, ինչպես նաև, ըստ ցանկության, այն փաստաթղթերը, որոնք, ըստ Ձեզ, հիմնավորում են Ձեր պահանջը։

Հայցադիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո21
Ոչ0