Խաղաղ ցույցը ցրելու նպատակով ոստիկանության աշխատակիցը սպառնաց ատրճանակով։ Ինչպիսի՞ կարգ է սահմանված ոստիկանների՝ հրազեն կիրառելու վերաբերյալ

Ոստիկանություն

Խաղաղ ցույցը ցրելու նպատակով ոստիկանության աշխատակիցը սպառնաց ատրճանակով։ Ինչպիսի՞ կարգ է սահմանված ոստիկանների՝ հրազեն կիրառելու վերաբերյալ

Ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստակա­նություն անցնելուց հետո միայն ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու և կրելու հրազեն ու հատուկ միջոցներ:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկա­նության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով քաղաքացիներին իր օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

Ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավունք ունեն հրազեն գործադրել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Ոստիկանության ծառայողի կողմից հրազեն գործադրելու դեպքերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Եթե ոստիկանության ծառայողն արդեն իսկ հանել է ատրճանակը և սպառնում է, որ պետք է այն գործադրի, ապա անհրաժեշտ է առանց իրավիճակը լրացուցիչ ավելի ծանրացնելու՝ նրան պարզաբանեք և խորհուրդ տաք պահպանել հրազեն գործադրելու նպատակով ատրճանակը հանելու կարգն ու պայմանները, իսկ ապահով հատված՝ ոստիկանի տեսադաշտից դուրս տեղափոխվելուց հետո անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ոստիկանության ներքին անվտանգության վարչության թեժ գիծ հետևյալ հեռախոսա­համարով՝ 011-52-93-38, կամ թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով՝ 1-02։

Որպես ոստիկանության ծառայողի գործողությունների դեմ արագ արձագանքման միջոց՝ արդյունավետ է անմիջապես ահազանգել նաև Մարու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով, հայտնել Ձեր գտնվելու վայրը, Ձեր տվյալները և մյուս մանրամասները, ինչպես նաև ոստիկանի վարքագծի մասին Ձեր բոլոր բողոքներն ու առարկությունները։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո3
Ոչ0