Գործատուս պահանջում է ազատվելու դիմում գրել ու չի թողնում, որ աշխատեմ․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Աշխատանքային իրավունք

Գործատուս պահանջում է ազատվելու դիմում գրել ու չի թողնում, որ աշխատեմ․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Եթե գործատուն առանց պատճառաբանության ցանկանում է ազատել Ձեզ աշխատանքից, իսկ Դուք չեք ցանկանում, ապա աշխատանքից ազատվելու դիմում չգրելը Ձեր իրավունքն է, և գործատուն իրավունք չունի հարկադրելու Ձեզ ազատվել աշխատանքից։ Եվ եթե ցանկանում է ազատել Ձեզ աշխատանքից իր նախաձեռնությամբ, ապա օրենքը հստակ սահմանում է այդ դեպքերի սպառիչ ցանկը, որոնց դեպքում գործատուն պետք է նախապես ծանուցի աշխատողին կամ գրավոր բա­ցատրություն վերցնի աշխատողից, երբ ցանկանում է աշխատողին ազատել աշխա­տանքից ինչ-որ խախտումների պատճառով։

Իսկ այն դեպքում, երբ Գործատուն արգելում է Ձեզ ներկայանալ աշխատանքի և կատարել Ձեր աշխատանքային պարտականությունները, ապա Դուք իրավունք ունեք պահանջել գործատուից վճարել Ձեզ այն օրերի համար, որոնց ժամանակ Դուք չեք կարողացել աշխատել, ինչպես նաև պահանջել վճարել Ձեզ պատճառված վնասները։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ նման իրավիճակում պետք է ինքներդ Ձեզ ապահովագրեք՝ հնարավոր բացասական իրավիճակներից, երբ, օրինակ, գործատուն կփորձի Ձեր աշխատանքի չներկայանալը ներկայացնել որպես պատճառ՝ Ձեզ աշխատանքից ազատելու համար։ Դա կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ գործատուին ուղարկել դիմում, որով կխնդրենք պարզաբանել, թե ինչու նա չի թույլատրում աշխատանքի ներկայանալ, արդյո՞ք նա ազատել է Ձեզ աշխատանքից, թե՞ ոչ։ Դիմումը անհրաժեշտ է ուղարկել փոստային ծառայությամբ՝ հետադարձ ծանուցմամբ, որպեսզի հետագայում կարողանաք հիմնավորել, որ Ձեր դիմումը գործատուն ստացել է։ Այս քայլը Ձեզ հնարավորություն կտա հետագայում, երբ վեճ առաջանա Ձեր և գործատուի միջև, փաստաթղթային տարբերակով հիմնավորել և ապացուցել, որ հենց գործատուն է խոչընդոտել Ձեր՝ աշխատանքի ներկայանալուն։

Գործատուին ուղղված դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո48
Ոչ0