Աշխատանքի ընթացքում ստացել եմ մարմնական վնասվածք։ Ի՞նչ իրավունքներ ունեմ, ի՞նչ կարող եմ անել և ո՞ւմ դիմեմ։
Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը։ Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը: Սակայն գործատուն պարտավոր է հոգալ աշխատողի հիվանդանոցային այն ծախսերը, որոնք անմիջականորեն փոխկապված են աշխատանքի ընթացքում ստացած մարմնական վնասվածքի հետ։
Այն դեպքում, երբ աշխատողի ստացած մարմնական վնասվածքները կապ չունեն աշխատանքի հետ, ապա ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը և պաշտոնը ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր: Ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը պահպանում է նաև իր աշխատավարձը և իրավունք ունի այն ամեն ամիս ստանալու գործատուից՝ թեկուզև նա չի ներկայանում աշխատանքի։ Հարկ է ընդգծել, որ աշխատաժամանակում չեն ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում առողջական դրության պատճառով չեք կարողանում ներկայանալ աշխատանքի, իսկ ամենամյա արձակուրդի համար մեկ տարվա ժամկետի հաշվարկը կատարելիս դրա մեջ ներառվում է նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը։ Եվ եթե Ձեր ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը համընկել է Ձեր ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի հետ, ապա Դուք իրավունք ունեք պահանջելու, որ ամենամյա արձակուրդը տեղափոխվի այլ ամիս։
Ժամանակավոր անաշխատունակության (բյուլետեն) ձևակերպման համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել գործատուին՝ կից ներկայացնելով բժշկի կողմից տրված տեղեկանք՝ Ձեր առողջական խնդիրների մասին։ Դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։