Գնել եմ բնակարան, բայց այնտեղ ինչ-որ մարդիկ են բնակվում և չեն ցանկանում լքել այն. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Ոստիկանություն

Գնել եմ բնակարան, բայց այնտեղ ինչ-որ մարդիկ են բնակվում և չեն ցանկանում լքել այն. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Ձեր սեփականության իրավունքը վերականգնելու համար գոյություն ունի երկու իրավական ճանապարհ։ Առաջինը դատական կարգն է, իսկ երկրորդը՝ ոստիկանությունը։ Դատարանի միջոցով վտարում իրականացնելու համար պետք է հայցադիմում ներկայացնեք դատարան և սպասեք գործի ավարտին՝ մինչև կկայացվի վտարման վերաբերյալ դատական ակտ։ Դատական գործընթացները կարող են տևել նվազագույնը 7-8 ամիս, որի ընթացքում Ձեր սեփականության իրավունքը այդպես էլ չի վերականգնվի։ Իսկ ոստիկանության միջոցով վտարում իրականացնելու դեպքում դա կկատարվի մի քանի օրվա ընթացքում։ Ոստիկանությունը, ներխուժումը վերացնելու մասին Ձեր դիմումը ստանալու պահից երեք ժամվա ընթացքում, պարտավոր է ներկայանալ Ձեր գնած բնակարան և տեղում պարզել այնտեղ բնակվող անձանց ինքնությունը և նրանց բնակվելու հիմքերը։ Եթե բնակիչները չներկայացնեն որևէ հիմնավորում իրենց բնակվելու՝ օրինական լինելու մասին, ապա ոստիկանության աշխատակիցները պետք է տեղեկացնեն այդ բնակիչներին, որ նրանց բնակվելը տվյալ բնակարանում օրինական չէ, և պետք է առաջարկեն ողջամիտ ժամկետում ազատել բնակարանը։ Ոստիկանության աշխատակիցը պետք է կազմի արձանագրություն իր այցի մասին և նշի տվյալ բնակիչներին տրամադրվող ողջամիտ ժամկետը, որի ընթացքում բնակիչները պետք է լքեն բնակարանը։

Եթե նշված ժամկետում բնակիչները չեն լքում բնակարանը, ապա ոստիկանության աշխատակիցը կառաջարկի Ձեզ ոստիկանությանը լիազորագիր տրամադրել։ Լիազորագիր տրամադրելուց հետո ոստիկանությունը կրկին կառաջարկի բնակարանում ապօրինի բնակվող անձանց լքել բնակարանը, և եթե բնակիչները կրկին հրաժարվեն, ապա ոստիկանության աշխատակիցները իրավունք ունեն կիրառելու ֆիզիկական ուժ՝ ներխուժումը վերացնելու նպատակով։ Ներխուժումը վերացնելուց հետո ոստիկանության աշխատակիցները կկազմեն արձանա­գրություն կատարված ներխուժման մասին՝ նշելով, թե ովքեր են վտարվել ու երբ, և ովքեր են ներկա եղել։ Ներխուժումը վերացնելուց հետո Դուք լիիրավ կարող եք տիրապետել, օգտագործել և տնօրինել սեփականության իրավունքով Ձեզ պատկանող բնակարանը։

Ոստիկանության աշխատակիցների կողմից ներխուժումը վերացնելու կարգի և պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո6
Ոչ0