Մեր տուն է եկել ոստիկանության ծառայողը և հայտնել, որ պետք է տունը ազատենք, քանի որ այն ունի նոր սեփականատեր։ Ի՞նչ անել և ու՞մ դիմել

Ոստիկանություն

Մեր տուն է եկել ոստիկանության ծառայողը և հայտնել, որ պետք է տունը ազատենք, քանի որ այն ունի նոր սեփականատեր։ Ի՞նչ անել և ու՞մ դիմել

Եթե համայնքային ոստիկանության ծառայողը ներկայացել է Ձեր տուն և պահանջել, որ լքեք տունը, քանի որ այն ունի նոր սեփականատեր, ապա դա նշանակում է, որ Ձեր տան սեփականատերը ներկայում այլ անձ է, և ՀՀ ոստիկանության տարածքային բաժին է դիմել այն անձը, որը ներկա պահին փաս­տաթղթային առումով հանդիսանում է Ձեր տան սեփականատերը։ Նախ անհրաժեշտ է պարզել, թե ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս է դարձել Ձեր տան սեփականատեր։ Այդ մասին մանրամասն տեղեկություններ կարող եք պահանջել և ստանալ ոստիկանության ծառայողից, որի տրամադրության տակ է գտնվում նոր սեփա­կա­նատիրոջ դիմումն ու սեփականության իրավունքի նոր վկայականի պատճենը, կամ էլ կարող եք ճշտումներ կատարել կադաստրում՝ խնդրելով հայտնել, թե ով է ներկայում հանդիսանում Ձեր տան սեփականատեր և ինչ հիմքով։ Պարզելուց հետո, եթե կարծում եք, որ խախտվել են Ձեր իրավունքները, և սեփականության իրավունքը նոր սեփակա­նատիրոջ կողմից ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա անհապաղ Ձեր իրավունքների պաշտպանության համար պետք է դիմեք դատարան՝ դատարանից խնդրելով նաև, որ մինչև գործի ավարտն արգելի ոստիկանության աշխատակիցներին վտարել Ձեզ տանից։ Այն դեպքում, երբ կկայացվի համապատասխան դատական ակտ, ոստիկանության աշխատակիցը իրավունք չի ունենա վտարել Ձեզ։ Բացի այդ, պետք է իմանալ, որ ոստիկանության աշխատակիցը իրավունք չունի վտարում կատարել, եթե․

1) Դուք հանդիսանում եք տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող (օրինակ՝ վարձակալ եք, գույքը պայմանագրի հիման վրա անհատույց օգտագործող եք, կամ էլ տիրապետումը բխում է դատական ակտից),

2) Դուք, գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ ամուսնաընտանեկան կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն, իրավունք ունեք մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվել տվյալ անշարժ գույքի տարածքում,

3) անշարժ գույքի օրինական տիրապետողի պահանջն օրենքով սահմանված կարգով Ձեզ հետ կնքված և տվյալ պահին գործող քաղաքացիաիրավական կամ այլ պայմանագրից կամ ամուսնաընտանեկան հարաբերություններից ծագող վեճ է,

4) Դուք անշարժ գույքի տարածք մուտք եք գործել կամ գտնվում եք այնտեղ անշարժ գույքի օրինական տիրապետողի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ, ընդ որում, բանավոր համաձայնության դեպքում այն պետք է հավաստվի անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից,

5) Դուք հանդիսանում եք բնակելի տարածքն օրինական տիրապետող անձի անչափահաս երեխան,

Վերոգրյալ դեպքերում ոստիկանը չի կարող իրականացնել վտարում և պետք է կազմի արձա­նագրություն, որում կնշվեն այն պատճառները, որոնց հիմքով ոստիկանը չի կարող իրականացնել վտարում։ Արձանագրությունը կարդացվում է բարձրաձայն, որից հետո ոստիկանը պարտավոր է պարզաբանել արձանագրության մեջ դիտողություններ և հայտարարություններ ներառելու Ձեր իրավունքը, որից հետո, եթե Դուք ունեք վտարման հետ կապված առարկություններ, իրավունք ունեք պահանջել, որ ոստիկանը դրանք ներառի արձանագրության մեջ։ Արձանագրությունը uտորագրում են այն կազմող ոստիկանը, դիմողը և անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ մուտք գործած անձը, և կազմված արձանագրության մեկական օրինակ հանձնվում է կողմերին: 

Հարկ է նշել նաև, որ Դուք իրավունք ունեք պահանջել ոստիկանից, որ Ձեզ տրամադրի ողջամիտ ժամկետ՝ տանը գտնվող անձնական իրերը տեղափոխելու համար, որը նաև հնարավորություն կտա ունենալու լրացուցիչ ժամանակ՝ կատարելու պարզաբանումներ։ Իսկ եթե ոստիկանության ծառայողը ոչ հարգալից վարքագիծ է դրսևորել Ձեր հանդեպ, ապա Դուք կարող եք պահանջել, որ այդ մասին Ձեր դիտողությունները ներառվեն արձանագրության մեջ, և հետո Ձեր բոլոր բողոքները կարող եք ներկայացնել ոստիկանության պետի անունով կամ զանգահարել ոստիկանության ներքին անվտանգության վարչության թեժ գիծ հետևյալ հեռախոսա­համարով՝ 011-52-93-38, կամ այն գրավոր դիմումի տեսքով ներկայացնել ոստիկանության պետի անունով հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Նալբանդյան փողոց 130։ Կարող եք նաև Ձեր բողոքները ներկայացնել էլեկտրոնային կարգով հետևյալ հղումով։

Որպեսզի ոստիկանի կողմից կատարվող ապօրինի գործողությունները կարողանաք հետագայում հիմնավորել և դրանով հանդերձ Ձեր իրավունքները պաշտպանել, ապա նպատակահարմար է ճշտել ոստիկանի անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը, այն բաժինը, որտեղ աշխատում է, իսկ հնարավորության դեպքում՝ տեսանկարահանեք կամ լուսանկարահանեք տեղի ունեցող իրադարձու­թյունները, որի իրավունքը Դուք ունեք, և ոստիկանը չի կարող Ձեզ արգելել դա անել։ Ոստիկանը հանդիսանում է հանրային իշխանություն կրող անձ և նա իրականացնում է օրենքով իր վրա դրված լիազորություններն ու պարտականությունները, և Դուք՝ որպես քաղաքացի, իրավասու եք տեսանկարահանել այն ամբողջ գործընթացը, որը վերաբերում է վտարման գործընթացին։

Որպես ոստիկանության ծառայողի անհարգալից գործողությունների դեմ արագ արձագանքման միջոց՝ արդյունավետ է անմիջապես ահազանգել նաև Մարու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով, հայտնել Ձեր գտնվելու վայրը և մյուս մանրամասն տեղեկությունները, Ձեր բոլոր բողոքներն ու առարկությունները ոստիկանի վարքագծի մասին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո6
Ոչ0