Ինձ զանգահարել են քննչական բաժնից ու կանչում են հարցաքննության որպես վկա: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Քննչական մարմիններ

Ինձ զանգահարել են քննչական բաժնից ու կանչում են հարցաքննության որպես վկա: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, հարցաքննության համար անձին հրավերը ներկայացվում է ծանուցագրով, որի մեջ տեղեկություններ են նշվում համապատասխան քրեական գործի մասին:

Վկան ցուցմունքներ տալու նպատակով քննիչի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք կամ փաստ:

Դուք, որպես վկա, պարտավոր եք ներկայանալ քննիչի կանչով, ճշմարտացի ցուցմունքներ տալ Ձեզ հայտնի տեղեկությունների մասին, հայտնել գործով Ձեզ ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել տված ցուցմունքների գրառումների ճշտությունը, քննիչի պահանջով տրամադրել Ձեր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար։ Ընդ որում, պետք է նկատի ունենաք, որ վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Դուք իրավունք ունեք հրաժարվել ցուցմունք տալ Ձեր, Ձեր ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում եք, որ այն հետագայում կարող է օգտագործվել Ձեր կամ նրանց դեմ, ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից և Ձեր գրավոր նշումներից, ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ և գծանկարներ, անձամբ շարադրել սեփական ցուցմունքները, ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում Ձեր կողմից կրած ծախսերի հատուցումը և ամենակարևորը՝ ներկայանալ հարցաքննության փաստաբանի հետ:

Դուք իրավունք ունեք նաև մանրամասն չհայտնել այն տեղեկությունները, որոնք այդ պահին չեք մտաբերում կամ հիշում՝ նշում կատարելով այդ մասին, իրավունք ունեք առանց փաստաբանի որևէ բառ չասել, չստորագրել արձանագրությունները, ծանուցումները։

Հարկ է ընդգծել, որ որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել այն անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու այն հանգամանքները, որոնց վերաբերյալ հարցեր են տրվելու: Որպես վկա չեն կարող կանչվել նաև փաստաբանները, եթե նրանցից ցանկանում են պարզել այնպիսի տեղեկություններ, որոնք նրանց հայտնի են դարձել իրավաբանական օգնություն տրամադրելու ժամանակ, ինչպես նաև ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրերը` խոստովանանքից իրենց հայտնի դարձած հանգամանքների մասին տեղեկություններ հայտնելու համար, և  այլ հատուկ կարգավիճակ ունեցող անձինք։

Եթե կարծում եք, որ հարցաքննության ընթացքում քննիչի կողմից ցուցաբերվել է վատ կամ բացասական վերաբերմունք ու վարքագիծ, եթե նա իրեն կոպիտ է պահել Ձեզ հետ շփման մեջ, ճնշում է գործադրել, թելադրել է, թե որը ոնց գրեք, ինչը չգրեք ցուցմունքներում, ապա կարող եք տեղում՝ հենց քննիչի մոտից, անմիջապես ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 116 թեժ գծի համարով՝ հայտնելով, թե քննչական որ բաժնում եք գտնվում, որ քննիչի աշխատասենյակում՝ նկարագրելով քննիչի վարքագիծը։ Իսկ հետագայում քննիչի վարքագծին որակում տալու և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով կարող եք բողոք ներկայացնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հետևյալ հասցեով՝ ք Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամար՝ (011) 880-151։ Կամ էլ այցելել հետևյալ հղումով, որից հետո, աջ մասում ընտրելով «Ձեր իրավունքները խախտվե՞լ են վարույթն իրականացնող մարմնի կողմից, դիմե՛ք» բաժինը, ներկայացնել բողոք էլեկտրոնային կարգով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո44
Ոչ3

Մեկնաբանություն (1)

  1. Անանուն
    23 Հունիսի, 2019

    Քննիչի մոտ մտնելիս հեռախոսները վերցնում են, ինչպես զանգել։