Զոհված զինծառայողի ընտանիքի անդամ եմ: Ի՞նչ արտոնություններ ունեմ և որոնցից կարող եմ օգտվել

Զինված ուժեր

Զոհված զինծառայողի ընտանիքի անդամ եմ: Ի՞նչ արտոնություններ ունեմ և որոնցից կարող եմ օգտվել

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին, որպես դրամական օգնություն, նշանակվում է ամենամսյա դրամական օգնություն՝ պարգևավճար, որի չափերը, ըստ անձանց կատեգորիաների, մանրամասն նշաված են հետևյալ հղումով։ Պարգևավճար ստանալու նպատակով անհրաժեշտ է ներկայանալ սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին և տեղում լրացնել ու ներկայացնել համապատասխան դիմում։ Անհրաժեշտ կլինի ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հաշմանդամության վկայական և տեղեկանք զինկոմիսարիատից այն մասին, որ Ձեր ընտանիքի անդամ հանդիսացող անձը զոհվել (մահացել) է մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում։

Ավելին, հաշմանդամ դարձած զինծառայողներին պետության կողմից նշանակվում է հաշման­դամության, իսկ զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ։ Բացի այդ, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների ամուսնության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվում է 100 հազար դրամ միանվագ դրամական օգնություն, իսկ առանձին դեպքերում՝ դժբախտ պատահարներ, կոմունալ ծառայությունների համար կուտակված պարտքի մարում, գերեզմանի բարեկարգում, ծննդյան (մահվան) տարեդարձ և այլն, մինչև 100 հազար դրամի չափով, իսկ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների անդամների ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ 30.000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն։ Խնդիրներ կամ հարցեր առաջանալու դեպքում կարող եք ահազանգել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ՝ 113 հեռախոսահամարով։

Զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամ դարձած զինծառայողների բուժսպասարկումը ևս գտնվում է պետության հոգածության ներքո։ Այս արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է բժշկական հաստատության ղեկավարությանը տեղեկացնել Ձեր կարգավիճակի մասին՝ նրանց ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով։

Պետությունը նման կարգավիճակ ունեցող անձանց համար մի շարք արտոնություններ է սահմանել նաև գույքահարկի գծով։ Մասնավորապես, գույքահարկից ազատվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքերը՝ մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը։ Գույքահարկի գծով արտոնություններից կարող եք օգտվել՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարներին կամ գույքահարկի հավքագրմամբ զբաղվող բաժիններին։ Գույքահարկի գծով արտոնություններ ստանալու հարցում խնդիրներ կամ հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել տվյալ համայնքի կամ վարչական շրջանի թեժ գծով, որոնց հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո15
Ոչ2