Ուզում եմ ծառայող եղբայրս ներկա լինի հարսանիքիս: Ո՞ւմ պետք է դիմեմ
Հարկ է արձանագրել, որ յուրաքանչյուր զինծառայող իրավունք ունի ներկա գտնվելու իր ընտանիքի անդամների հետ կապված այնպիսի կարևոր իրադարձություններին, ինչպիսին է, օրինակ, հարսանիքը։ Անհրաժեշտ է հարսանիքից առնվազն մեկ ամիս առաջ ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղից Ձեր եղբայրը զորակոչվել է Զինված ուժեր։ Ներկայանալով զինվորական կոմիսարիատ՝ Դուք պետք է ներկայացնեք դիմում և դիմումին կից՝ անհրաժեշտ այն փաստաթղթերը, որոնք հավաստում են, որ զինծառայողը համարվում է Ձեր ընտանիքի անդամը, և Դուք ամուսնանում եք կոնկրետ ամսաթվի։
Մասնավորապես, դիմումին կից պետք է ներկայացնել Ձեր և Ձեր եղբոր ծննդյան վկայականները և դրանց պատճեները, որոնցով կհաստատվի, որ ունեք միևնույն ծնողները, այսինքն՝ հանդիսանում եք եղբայրներ։ Եթե արդեն իսկ ընտրել եք այն եկեղեցին, որտեղ պետք է պսակադրվեք, ապա պետք է նաև ունենաք պսակադրության օրվա և ժամի ամրագրման վերաբերյալ փաստաթուղթ՝ տրված եկեղեցու կողմից, որը ևս պետք է ներկայացնեք զինկոմիսարիատ։ Բացի այդ, եթե արդեն իսկ դիմել եք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասրմին (ԶԱԳՍ)՝ ամուսնության գրանցման օր նշանակելու նպատակով, ապա նաև անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ դիմումի պատճեն, որով նախատեսել եք Ձեր ամուսնությունը գրանցել ինչ-որ կոնկրետ ամսաթվին։ Բացի այդ, պետք է հայտարարություն վերցնեք Ձեր առնվազն երեք հարևաններից, որոնք տեղյակ են և կարող են հաստատել, որ կոնկրետ ամսաթվի տեղի է ունենալու Ձեր հարսանեկան արարողությունը։ Հայտարարությունը հարևանների կողմից ստորագրելուց հետո այն հարևանների անձնագրերի պատճեների հետ միասին պետք է ներկայացնեք համատիրություն՝ հարևանների ստորագրությունները հաստատելու համար, իսկ եթե չունեք Ձեր հասցեն սպասարկող համատիրություն (օրինակ՝ սեփական տուն է), ապա հարևանների հայտարարությունը՝ նրանց անձնագրերի պատճեների հետ միասին, պետք է ներկայացնեք վարչկան շրջանի կամ համայնքի ղեկավարներին՝ խնդրելով հաստատել դրանք։ Ընդ որում, անհրաժեշտ է հարևանների հայտարարությունը ձևակերպել երկու օրինակից, որոնցից մեկը պետք է մնա համատիրությունում կամ վարչական շրջանի և համայնքի ղեկավարի մոտ, իսկ մյուս օրինակը պետք է դիմումին կից ներկայացնեք զինկոմիսարիատ։
Դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը զինկոմիսարիատ ներկայացնելուց հետո վերջինս համապատասխան հաղորդագրություն կուղարկի այն զորամաս, որտեղ ծառայում է Ձեր եղբայրը, որից հետո Ձեր հարսանեկան արարողության ամսաթվին կտրամադրեն լրացուցիչ արձակուրդ՝ 3-5 օր ժամկետով։ Ընդ որում, զինծառայողին արձակուրդը կտրամադրեն Ձեր հասանիքին նախորդող օրը, որ նա կարողանա հասցնել նախապատրաստվել հարսանեկան արարողությանը։
Զինկոմիսարիատների հասցեների, հեռախոսահամարների և ղեկավար անձանց մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք ստանալ հետևյալ հղումով։
Զինկոմիսարիատ ներկայացվելիք դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:
Հարևանների հայտարարության օրինակը կարող եք ներբեռնել այստեղից: