Խանութից գնված կաթը ժամկետանց էր և վնասել է երեխաներիս: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Սննդի անվտանգություն

Խանութից գնված կաթը ժամկետանց էր և վնասել է երեխաներիս: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Սննդի անվտանգության կանոնների խախտման հետևանքով կրած վնասի համար կարելի է ձեռնարկել հետևյալ գործողությունները.

Սննդի անվտանգության կանոնների խախտման համար պետք է դիմում ներկայացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական տեսչություն կամ զանգահարել հետևյալ թեժ գծի հեռախոսահամարներին՝ 010-20-60-40, 012-90-60-90: Ձեր բողոքների մասին կարող եք ահազանգել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 055-54-19-68 կամ 011-52-12-92 հեռախոսահամարներով: Դիմում-բողոքն ամբողջական ներկայացնելու համար, նախ, անհրաժեշտ է ճշտել, թե մթերքը, որից բողոքում եք, որտեղից եք գնել կամ ով է արտադրողը։ Այդ տեղեկությունները կարող եք գտնել մթերքի տարայի վրա փակցված տեղեկատվական պիտակից կամ վճարման անդորրագրից, որի վրա առկա է նշում այն խանութի անվանման և հարկային կոդի մասին, որտեղից գնել եք այդ սնունդը։ Ճշտելուց հետո անհրաժեշտ է դեն չգցել նաև այն սնունդի մնացորդները կամ տարան, որի վերաբերյալ ցանկանում եք բողոք ներկայացնել։ Դա անհրաժեշտ է լինելու տեսչությանը փորձաքննություն իրականացնելու համար։ 

Ձեր դիմում բողոքի արդյունքում Սննդի անվտանգության պետական տեսչությունը կհարուցի համապատասխան վարչական վարույթ՝ դրանում նշված հանգամանքները պարզելու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի ընթացքում տեսչության աշխատակիցները իրավասու են վաճառողի կամ արտադրողի մոտ իրականացնել համալիր ստուգումներ, նշանակել փորձաքննություններ, կատարել հսկիչ գնումներ և այլ գործողություններ՝ պարզելու խախտումների առկայությունը։ Եթե հաստատվի, որ սնունդը պիտանի չէր օգտագործման համար, ապա Դուք հնարավորություն կստանաք վնասների հատուցման պահանջով դիմել դատարան։

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական տեսչություն ներկայացվելիք դիմում-բողոքի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:

Եթե առողջությանը պատճառված վնասի հետևանքով Դուք կրել եք ֆինանսական, նյութական վնասներ, ապա կարող եք սնունդ արտադրողից կամ այն վաճառողից Ձեզ պատճառված վնասների հատուցում ստանալ: Այդ նպատակով անհրաժեշտ է դիմում ներկայացնել սննդի արտադրող կազմակերպություն և կցել Ձեր կողմից կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի պատճեները: Եթե կազմակերպությունը մերժում է փոխհատուցել Ձեր կողմից կատարված ծախսերը, ապա պետք է վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո13
Ոչ1