Ես գրառում եմ արել սոցցանցում և այն արտատպել են: Դա օրինակա՞ն է
Սոցիալական ցանցերում արվող գրառումների, դրանց հրապարակման և օգտագործման կարգը սահմանվում է տվյալ սոցիալական կարգի օգտագործման կանոններով, ինչպես նաև միջազգային և ներպետական օրենսդրությամբ։
Եթե Ձեր կողմից կատարված գրառումը հանդիսանում է Ձեր ստեղծագործական մտքի արդյունք՝ բանաստեղծության, պատմվածք, երգի բառեր կամ այլ ստեղծագործություն, ապա այն պաշտպանվում է հեղինակային իրավունքով։ Ստեղծագործություն հանդիսացող գրառումը հրապարակելու պահից ծագում է դրա նկատմամբ անձի հեղինակային իրավունքը, և դրա օգտագործման համար յուրաքանչյուր այլ անձ պարտավոր է ստանալ Ձեր թույլտվությունը և համաձայնությունը՝ հղում կատարելով հեղինակին։
Եթե Ձեր գրառումը կամ հրապարակումը տարածվել է այլ օգտատերերի կողմից, ապա անհրաժեշտ է․
Դիմել Ձեր գրառումն օգտագործած անձին/անձանց պահանջելով
- հեռացնել գրառումը կամ
- ավելացնել հեղինակին կամ աղբյուրին հղումը։
Եթե Ձեր ներկայացրած պահանջները չեն կատարվում կամ անձը Ձեզ հայտնի չէ, ապա անհրաժեշտ է․
- Դիմել համապատասխան սոցիալական ցանցի ադմինիստրացիա՝ ներկայացնելով, որ Ձեր հրապարակումն օգտագործվել է այլ անձի կողմից առանց Ձեր թույլտվության (unauthorized use), որի հիման վրա Դուք պահանջում եք արգելափակել տվյալ օգտատիրոջը։
Անհրաժեշտ է հիշել, որ եթե Դուք ցանկանում եք, որ Ձեր կողմից կատարված գրառումը տարածվի, սակայն պահպանվի դրա նկատմամբ Ձեր՝ հեղինակի իրավունքը, ապա անհրաժեշտ է գրառման սկզբում կամ վերջում տալ ծանուցում հետևյալ բովանդակությամբ․
Խնդրում եմ սույն գրառման օգտագործման կամ տարածման դեպքում պահպանել հղումը հեղինակին, օրինակ՝
© Համազասպ Հակոբյան |
Բացի դա, հարկ է նշել, որ գրեթե բոլոր սոցցանցերում հնարավոր է կարգավորել հրապարակման լսարանը, այսինքն՝ հասանելի դարձնել հրապարակումը միայն ընկերների, ընկերների խմբի, կոնկրետ մարդկանց կամ առհասարակ՝ բոլորի համար: Յուրաքանչյուր անձ ինքնուրույն կարող է որոշել, թե իր սոցիալական կայքում բացված այս կամ այն էջում կատարվող գրառումները կամ այլ հրապարակումները ովքեր տեսնեն և ինչպիսի հասանելիություն ունենան։ Ըստ այդմ, հրապարակման մասին իրենց կարծիքը հայտնելու կամ այն տարածելու ազատ հնարավորություն ունի ցանկացած անձ, որին այդ գրառումն ի սկզբանե հասանելի է դարձրել գրառում կատարած անձը, և դրա համար պարտավոր չէ նախապես թույլտվություն խնդրել: