Ի՞նչ անել, եթե ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում, իսկ իրավապահ մարմինն իմ տվյալները փոխանցել է իրավախախտին

Անձնական տվյալների պաշտպանություն

Ի՞նչ անել, եթե ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում, իսկ իրավապահ մարմինն իմ տվյալները փոխանցել է իրավախախտին

Անձնական տվյալների պաշտպանությունը Սահմանադրությամբ և մի շարք միջազգային փաստաթղթերով պաշտպանվող իրավունք է։

Եթե ներկայացրել եք առերևույթ հանցագործության մասին հաղորդում, իսկ իրավապահ մարմինը Ձեր անձնական տվյալներն առանց Ձեր համաձայնության ապօրինաբար փոխանցել է իրավախախտ անձին, ապա անհրաժեշտ է հիշել, որ տվյալների փոխանցում իրականացրած անձն իրավունք չուներ կատարելու նման գործողություն:

Ընդ որում, կախված նրա կողմից տվյալներն այլ անձի փոխանցելու նպատակից և առաջացած հետևանքներից՝ փոխանցման փաստը կարող է դառնալ կարգապահական վարույթի (ծառայողական քննության) հիմք, որակվել որպես վարչական իրավախախտում կամ հանցագործություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է բավականին խոշոր տուգանքներ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը խախտելու համար (հոդված 189.17)։

Այս դեպքում կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն (Երևան, Կոմիտասի 54բ , +374 10 594 194, [email protected], [email protected]), քանի որ Արդարադատության նախարարության հենց այդ մարմինն է քննում տվյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը (հոդված 223․1)։ 

Միաժամանակ, եթե ոստիկանը կամ քննիչը Ձեր անձնական տվյալները տրամադրել է այլ անձի (իրավախախտին կամ նրա մերձավորներին)՝ ելնելով անձնական շահագրգռվածությունից (օրինակ՝ որպեսզի կողմերն իրար մեջ «լուծեն» իրենց հարցերը և իր գործը թեթևանա կամ ճանաչում է հանցավորին ու ինչ-որ պայմանավորվածություն ունի նրա հետ, կամ քրեական ենթամշակույթի պատկերացումներ ունի և այլն), ապա այս դեպքում նա անցնում է իր ծառայողական լիազորությունները, այսինքն՝ կատարում Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն (հոդված 441)՝ գործելով ծառայության շահերին հակառակ և հասցնելով էական վնաս։ Ընդ որում՝ եթե էական վնասը վրա չի հասել (օրինակ՝ իրավախախտ անձը փորձում է Ձեզ վրա ճնշում գործադրել, սակայն չի ստանում իր համար ցանկալի արդյունքը), ապա դա, միևնույն է, հանցագործություն է, տվյալ դեպքում՝ չավարտված (հանցափորձ)։

Ըստ այդմ՝ կարող եք դիմել Դատախազություն (+374 (10) 511-650, [email protected]), Հակակոռուպցիոն կոմիտե (+374-11-900-035, [email protected]), իրավապաշտպան կազմակերպություններ (օրինակ՝ ՀՔԱՎ, +374 94 042268 և +374 77 032268, [email protected]), փաստաբանի (ՀՊԳ հեռախոսահամար՝ +374 10 600714, [email protected]) և/կամ Մարդու իրավունքների պաշտպանին (շուրջօրյա հեռախոսահամար՝ +374 96 116100, [email protected]):

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո32
Ոչ2