Ինձնից պահանջում են աշխատել ավել, սակայն հրաժարվում են վճարել դրա դիմաց. ի՞նչ անեմ

Աշխատանքային իրավունք

Ինձնից պահանջում են աշխատել ավել, սակայն հրաժարվում են վճարել դրա դիմաց. ի՞նչ անեմ

Նախ հարկ է ուշադրություն դարձնել, որ գործատուն չի կարող աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքի օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից ավել: Ընդ որում, գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը։ Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն բացառիկ դեպքերում: Այդպիսիք են, օրինակ, այն դեպքերը, երբ անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, կամ աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման, կամ իրականացվում են այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետևանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը, կամ կատարվում են բեռնման կամ բեռնաթափման և դրանց հետ կապված այլ աշխատանքներ` առաքման և նշանակման կետերում բեռների կուտակումը և տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար։

Հարկ է իմանալ նաև, որ արտաժամյա աշխատանքներին չեն կարող ներգրավվել, օրինակ, մինչև 18 տարեկան աշխատողները, առողջության համար վնասակար պայմաններում աշխատողները, հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները՝ նրանց համաձայնության բացա­կայության դեպքերում, իսկ հաշմանդամներն էլ կարող են ներգրավվել արտաժամյա աշխա­տանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ: Այսինքն, գործատուն կարող է պահանջել աշխատողից կատարել արտաժամյա՝ լրացուցիչ աշխատանք 18։00-ից հետո միայն բացառիկ դեպքերում, որոնք նշված են Աշխատանքային օրենսդրության մեջ։

Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքերում գործատուն պետք է նախօրոք այդ մասին տեղեկացնի աշխատողին։ Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Աշխատողին ավել աշխատած ժամերի համար հավելումները պետք է հաշվարկվեն և վճարվեն հիմնական աշխատավարձի հետ միասին՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Գործատուի կողմից Ձեզ արտաժամյա աշխատելու պահանջ ներկայացվելու դեպքում, նախ, պետք է նրանից պարզել, թե ինչու է ցանկանում, որ Դուք արտաժամյա աշխատեք և քանի ժամ է պահանջում։ Եթե արտաժամյա աշխատելու պատճառները հիմնավոր չեն և չեն բխում աշխատանքային օրենսդրությունից, ապա Դուք կարող եք հրաժարվել արտաժամյա աշխատանքից, իսկ եթե համա­ձայնվել եք, ապա պետք է գործատուին հայտնեք, որ դրա համար Ձեզ հավելում պետք է վճարի։ Նպատակահարմար է, որ Դուք յուրաքանչյուր անգամ ուշադիր հաշվեք, թե կոնկրետ որ օրը որքան եք արտաժամյա աշխատել, և պահանջել գործատուից, որ արտաժամյա աշխատանքի կատարումը գրանցվի հաշվապահությունում։ Եթե գործատուն չի վճարել կամ հրաժարվում է վճարել արտաժամյա աշխատանքի համար վարձատրությունը, ապա անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով՝ պատվիրված և հետադարձ ծանուցմամբ, դիմում-պահանջ ուղարկել նրան՝ պահանջելով վճարել վարձատրությունը, իսկ չվճարելու դեպքում՝ դիմել դատարան ընդդեմ գործատուի։

Արտաժամյա աշխատանքի վարձատրության դիմում-պահանջի ձևը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո34
Ոչ8