Գործատուն վերջնահաշվարկիս գումարը պակաս է հաշվարկել, պահումներ արել․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ
Աշխատանքից ազատվելու դեպքում ազատման օրը կամ ոչ ուշ, քան աշխատողի նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, գործատուն պետք է կատարի վերջնահաշվարկ և այն վճարի աշխատողին։
Վերջնահաշվարկի մեջ են ներառվում աշխատանքի ազատման օրվա դրությամբ աշխատած և չվարձատրված օրերի համար աշխատավարձի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարումները, աշխատավարձին հավասարեցված այլ բոլոր վճարումները։ Հաշվի առնելով, որ վերջնահաշվարկի գումարը ևս աշխատողի համար հանդիսանում է եկամուտ, այդ գումարից ենթակա են հարկերի վճարումներ, որոնք հենց այն պահումներն են, որոնք կատարվում են գործատուի կողմից։
Իսկ եթե կարծում եք, որ հաշվարկները գործատուի կողմից սխալ են կատարվել կամ պահումները ավել են եղել, ապա կարող եք այդ մասին դիմում ներկայացնել գործատուին՝ խնդրելով ներկայացնել այն հաշվարկը, որը կատարել է պահումները կատարելուց և վերջնահաշվարկը կազմելուց։ Գործատուից ստանալով հաշվարկը՝ կարող եք ինքներդ կատարել համապատասխան հաշվարկը կամ էլ դիմել ցանկացած հաշվապահի՝ պարզելու կատարված հաշվարկների ճշգրտությունը։
Եթե պարզեք, որ հաշվարկը սխալ է կատարված և Ձեզ պակաս են վճարել վերջնահաշվարկը, ապա կարող եք դիմել գործատուին՝ պահանջելով վճարել պակաս վճարված վերջնահաշվարկը։ Եթե գործատուն հրաժարվի վճարել կամ ցուցաբերի անգործություն, ապա պետք է դիմեք դատարան՝ վերջնահաշվարկի պակաս վճարված գումարը գանձելու պահանջով։ Կարող եք պահանջել նաև, որ գործատուից գանձվեն տույժի գումարները, որը կազմում է յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0․15%-ը։
Գործատուին ուղղված դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից: