Վարձը չմուծելու համար անջատել են լույսը` հաշվի չառնելով, որ տանն անչափահաս երեխա կա։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ։

Հանրային ծառայությունների ոլորտ

Վարձը չմուծելու համար անջատել են լույսը` հաշվի չառնելով, որ տանն անչափահաս երեխա կա։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դեպքերը սահմանված են Ձեզ հետ կնքված պայմանագրով, մի շարք այլ իրավական ակտերով։ Եվ մատակարարն իրավունք ունի դադարեցնելու Ձեր տան էլեկտրամատակարարումը, եթե արդեն իսկ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով և պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չեն կատարվել բաժանորդի կողմից։ Ընդ որում, վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել Ձեր էլեկտրամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո։ Պարտքի առկայության դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի Ձեր տան էլեկտրամատակարարումը, եթե Դուք ներկայացրել եք մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել եք պարտքի մարման ժամանակացույց։ Դուք կարող եք ներկայանալ տարածքային սպասարկման գրասենյակ, հայտնել չվճարման պատճառները և խնդրել՝ կնքելու վճարման ժամանակացույց, որով հնարավորություն կստանաք մաս առ մաս կատարելու կուտակված պարտքի վճարումները։ Սակայն պետք է  նկատի ունենալ, որ պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում էլեկտրամա­տակա­րարումը կրկին կարող է դադարեցվել:

Արդեն իսկ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է Ձեր տան էլեկտրամատակարարումը, այն պարտավոր է վերականգնել ոչ ուշ, քան.

  1. նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,
  2. հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին ժամը 14:00-ից հետո, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը
  3. պարտքի մարման մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

Այն դեպքում, երբ Ձեր կողմից պարտքը մարելու մասին վճարման անդորրագիրը մատակարարին ներկայացնելուց հետո վերջինս վերոնշյալ ժամկետներում չի վերականգնել էլեկտրամատակարարումը, ապա դա կդիտվի խախտում մատակարարի կողմից, որի մասին կարող եք ահազանգել ընկերության թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ 1-80, կամ 080000180 հեռախոսահամարով, կամ էլ վստահության հետևյալ հեռախոսահամարով՝ 010-59-13-12։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո80
Ոչ19

Մեկնաբանություն (1)

  1. Անանուն
    Մայիսի 24, 2019

    Բարև ձեզ։ Իսկ հնարավոր չէ, որ առանց գրասենյակ գնալու զինծառայողների ընտանիքներին չհոսանքազրկեն մինչեւ ամսվա վերջին օրը, քանի որ նրանք այդ ժամանակ են աշխատավարձ ստանում։ Թե չէ ամեն ամիս նույն վիճաբանությունն է լինում։