Տանը պանիր և այլ սննդամթերք եմ պատրաստում։ Ո՞ւմ դիմեմ վաճառելու թույլտվության համար
Նախ անհրաժեշտ է, որ ունենաք նման գործունեություն ծավալելու համար իրավաբանական ձևակերպում, այսինքն՝ հաշվառվեք որպես Ա/Ձ կամ հիմնադրեք ՍՊԸ։ Ա/Ձ հաշվառվելու համար բավարար է միայն անձնագրով մոտենալ իրավաբանական անձանց պետական ռեգիստր և տեղում կատարել 3000 դրամ վճարում։ ՍՊԸ գրանցելու համար պետք է իրավաբանական անձանց պետական ռեգիստր ներկայացնել նոր գրանցվող ՍՊԸ-ի փաստաթղթերը, որոնց ցանկին, նմուշային ձևերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։ Հնարավոր է ՍՊԸ գրանցել նաև էլեկտրոնային կարգով՝ սեղմելով այստեղ։
Իրավաբանական ձևակերպում ստանալուց հետո անհրաժեշտ է նախ որոշել տեսականին, թե ինչ տեսակի պանիրներ կամ այլ սննդամթերք եք պատրաստելու։ Տեսականին որոշելուց հետո անհրաժեշտ է յուրաքանչյուր տեսակից մեկական նմուշ ներկայացնել ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչություն, որպեսզի դրանք անցնեն համապատասխան ստուգում, որից հետո Ձեզ կտրամադրվի համապատասխան ստուգման հավաստագիր՝ յուրաքանչյուր տեսակի համար։ Ստուգման կենթարկվեն ինչպես Ձեր կողմից սննդամթերքը պատրաստելու եղանակները և պայմանները, այնպես էլ՝ Ձեր կողմից պատրաստվող սննդամթերքի որակն ու անվտանգությունն առողջության համար։ ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։
Հարկ է նաև նշել, որ ՀՀ կառավարությունը սահմանել է կաթնամթերքի արտադրության համար նվազագույն պահանջներ, որոնց պետք է համապատասխանի արտադրությունն ու պատրաստվող սննդամթերքը, և ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչությունը հենց այդ պահանջներով է առաջնորդվում ստուգում իրականացնելիս։ Խորհուրդ է տրվում, որ մինչև ստուգման դիմելը ծանոթանաք սահմանված պահանջներին և դրանց համապատասխանեցնել Ձեր արտադրությունը։ ՀՀ կառավարության որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Համապատասխան ստուգման հավաստագիր ստանալուց հետո Դուք կկարողանաք զբաղվել արտադրությամբ և վաճառքով՝ վճարելով դրանց արդյունքում ստացվող շահույթից օրենքով սահմանված հարկերն ու այլ վճարումները։