Խանութից անհայտ կաթնամթերք եմ գնել, որի օգտագործումից ինքնազգացողությունս վատացել է։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Սննդի անվտանգություն

Խանութից անհայտ կաթնամթերք եմ գնել, որի օգտագործումից ինքնազգացողությունս վատացել է։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ընդհանրապես, փաթեթավորված ցանկացած սննդամթերք գնելիս անհրաժեշտ է նախապես ուշադրություն դարձնել տվյալ ապրանքի վրա առկա գրառումներին։ Ապրանք արտադրողը կամ այն վաճառողը պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը, իսկ որոշ ապրանքների դեպքում՝ նաև սպառողի անվտանգությունը: Ապրանքների վրա պետք է պարտադիր կարգով և հայերեն լեզվով առկա լինեն տեղեկություններ ապրանքների հիմնական սպառողական հատկությունների մասին, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, դրան­ցում առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաև հիվան­դություն­ների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, ապրանքների գինը և ձեռքբեր­ման պայմանները, երաշխիքային ժամկետը, եթե այն սահմանված է կամ կարող է սահմանվել տվյալ տեսակի ապրանքի համար, կաթնամթերքի արտադրման վայրը, ապրանքների արդյունավետ և անվտանգ օգտագործման կանոնները և պայմանները, ապրանքների և հատկապես՝ կաթնամթերքի արտադրության և պիտանիության ժամկետները, ինչպես նաև նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողություն­ների և, այդպիսի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետևանքների մասին տեղեկու­թյունները, եթե ապրանքները նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի։ Ինչպես նաև փաթեթավորման պետք է գրված լինի արտադրողի և վաճառողի գտնվելու վայրը, այն կազմակերպության գտնվելու վայրը, որը լիազորված է սպառողներից բողոքներ ընդունել, և օրենքով սահմանված այլ տեղեկություններ։

Եթե Ձեր կողմից գնած կաթնամթերքի փաթեթավորման վրա առկա չեն վերոնշյալ տեղեկությունները կամ դրանց մի մասը, ապա առկա է խախտում արտադրողի կամ վաճառողի կողմից։ Նման իրավիճակում, կախված Ձեր ինքնազգացողության վատթարացման աստիճանից, նախ խորհուրդ է տրվում դիմել շտապ­բուժօգնություն ծառայությանը՝ զանգահարելով 1-03, այնուհետև անհրաժեշտ է անմիջապես դեպքի մասին ահազանգել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Կոմիտասի 49/2, կամ զանգահարել վերջինիս թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով՝ 010-20-60-40։ Թեժ գծով ըստ ոլորտների պատասխանատու անձանց վերաբերյալ տվյալներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ձեր բողոքների մասին կարող եք բարձրաձայնել նաև՝ դրանք էլեկտրոնային փոստով ուղարկելով ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն։

Բացի այդ, Դուք կարող եք այդ ապրանքի վերաբերյալ Ձեր բոլոր բողոքները հայտնել այն խանութի տնօրինությանը, որտեղից գնել եք այն՝ ներկայացնելով ապրաքնի համար վճարման անդորրագիրը։ Իսկ Ձեր առողջությանը անորակ սննդամթերքի արդյունքում վնաս պատճառվելու դեպքում կարող եք վնասները գանձելու պահանջով դիմել դատարան։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո7
Ոչ0