Իրավապահ մարմինները պահանջում են բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել
Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները, օգտվելով հրապարակումներ կատարելու, ձեռք բերած և մշակած տեղեկությունները հրապարակելու իրենց մասնագիտական առանձնահատկություններից, ՀՀ օրենսդրությամբ օժտված են մի շարք երաշխիքներով, այդ թվում՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքով։ Տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը լրատվամիջոցի այն հիմնարար իրավունքներից է, որը անկախություն է տալիս լրատվամիջոցին։
Սակայն տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը ևս բացարձակ չէ և ենթակա է սահմանափակման։ Այսպես, տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Իսկ եթե դատարանը որոշի, որ տեղեկատվության աղբյուրը պետք է բացահայտվի, ապա այդ դեպքում լրագրողը կարող է միջնորդել, որ տվյալ դատական գործի քննությունն իրականացվի դռնփակ:
Իսկ եթե դատարանի որոշման բացակայության պայմաններում իրավապահ մարմինները կպարտադրեն և կպահանջեն լրատվամիջոցից բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա դա կնշանակի, որ համապատասխան իրավապահ մարմինները թույլ են տալիս լրատվամիջոցի իրավունքի խախտում։ Այդ դեպքում լրատվամիջոցն իրավունք ունի կատարվածի մասին ահազանգել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարել լրատվամիջոցի՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված իրավունքն ապահովելու համար։
ՀՀ Հատուկ քննչական ծառայության կոնտակտները կարող եք գտնել հետևյալ հղմամբ։
Կատարվածի մասին կարող եք ահազանգել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հետևյալ հեռախոսագանաևով՝ 116, իսկ ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ։