Ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի եմ արժանացել: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ոստիկանություն

Ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի եմ արժանացել: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Եթե ոստիկանության կողմից ենթարկվել եք վատ վերաբերմունքի, ապա Դուք կարող եք Ձեր բոլոր բողոքները ներկայացնել ոստիկանության պետի անունով կամ զանգահարել ոստիկանության ներքին անվտանգության վարչության թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ 011-52-93-38, կամ ներկայացնել Ձեր բողոքը գրավոր դիմումի տեսքով ոստիկանության պետի անունով հետևյալ հասցեով՝ ք Երևան, Նալբանդյան փողոց 130։ Կարող եք նաև Ձեր բողոքները ներկայացնել էլեկտրոնային կարգով հետևյալ հղումով։

Եթե կարծում եք, որ ոստիկանության ծառայողի կողմից կատարվել է հանցագործություն, ապա այս դեպքերում կարող եք ահազանգել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հեռախոսահամարով՝ 011-900-035, կամ հաղորդում ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով՝ ք Երևան, Վաղարշ Վաղարշյան 13 ա հասցեով։

Ոստիկանի կողմից կատարվող ապօրինի գործողությունները հետագայում հիմնավորելու և դրանով հանդերձ Ձեր իրավունքները պաշտպանելու համար նպատակահարմար է ճշտել ոստիկանի անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը, այն բաժինը, որտեղ աշխատում է, իսկ հնարավորության դեպքում՝ տեսանկարահանեք կամ լուսանկարահանեք տեղի ունեցող իրադարձությունները, որի իրավունքը Դուք ունեք։ Ոստիկանը հանդիսանում է հանրային իշխանություն կրող անձ և իրականացնում է օրենքով իր վրա դրված լիազորություններն ու պարտականությունները, և Դուք՝ որպես քաղաքացի, իրավասու եք տեսանկարահանել այն ամբողջ գործընթացը, որը վերաբերում է Ձեր հանդեպ ոստիկանի գործողություններին։ Միևնույն ժամանակ, Դուք իրավունք ունեք չպատասխանել ոստիկանի որևէ հարցին՝ պահանջելով Ձեր փաստաբանի ներկայությունը, իրավունք ունեք հրաժարվելու առանց փաստաբանի ներկայության որևէ բացատրություն տալուց։

Որպես արագ արձագանքման միջոց՝ ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների դեմ արդյունավետ է անմիջապես ահազանգել նաև Մարու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով, հայտնել Ձեր գտնվելու վայրը և մյուս մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև Ձեր բոլոր բողոքներն ու առարկությունները ոստիկանի վարքագծի մասին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո20
Ոչ2