Լրատվական կայքերից մեկն իմ մասին սխալ տեղեկություններ է տարածել: Ի՞նչ անել և ում դիմել

Լրատվամիջոցներ

Լրատվական կայքերից մեկն իմ մասին սխալ տեղեկություններ է տարածել: Ի՞նչ անել և ում դիմել

Նախ հարկ է արձանագրել, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները` սխալ տեղեկությունները, որոնք տեղ են գտել լրատվամիջոցի հրապարակած հոդվածի մեջ։ Ընդ որում, լրատվամիջոցը պարտավոր է տեղադրել հերքումը, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը: Լրատվամիջոցը հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հեր­քումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին՝ մանրամասն պատճառաբանելով և ապացուցելով, որ իր տարածած տեղեկությունները համապա­տասխանում են իրականությանը: Հերքումը պետք է տարածվի նույն լրատվամիջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:

Հերքումն իրականացվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Հերքումը պետք է իրականացվի «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Ընդ որում, հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը: Հերքումը պատասխանից տարբերվում է նրանով, որ եթե հերքման դեպքում անձը ուղղակի հայտնում է, որ հոդվածում գրվածը չի համապատասխանում իրականությանը, ապա պատասխանի դեպքում անձն իր պատասխանն է տարածում տարածված հոդվածի վերաբերյալ։ Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով:

Պատասխանի բովանդակությունը պետք է վերաբերվի միայն տարածված սխալ տեղեկություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ, իսկ պատասխանի ծավալն էլ չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը: Պատասխանը պետք է հրապարակվի անվճար:

Պետք է հիշել, որ հերքման կամ պատասխանի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է լրատվամիջոցին՝ հոդվածի հրապարակման պահից մեկ ամիս անց, կամ պահանջը վերաբերում է այնպիսի տեղեկությանը, որը տարածվել է հրապարակային ելույթին, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերին, լրատվության այլ միջոցին կամ հեղինակային որևէ ստեղծագործությանը կատարված հղումով, և սկզբնաղբյուրը հերքում չի տարածել:

Իսկ եթե լրատվամիջոցը հրաժարվում է տարածել Ձեր հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` վերոգրյալ կարգն ու ժամկետը, ապա Դուք իրավունք ունի դիմել դատարան` պարտավորեցնելով լրատվամիջոցին տարածել հերքումը և հրապարակել Ձեր պատասխանը։

Հերքման կամ պատասխանի տեքստը լրատվամիջոցին ուղարկելու համար, նախ, ճշտեք, թե կոնլրետ որ լրատվամիջոցն է Ձեր մասին սխալ տեղեկություններ տարածել, ճշտեք լրատվամիջոցի հասցեն, որով պետք է ուղարկեք այն։ Որից հետո ներբեռնեք հերքման տեքստի կամ պատասխանի օրինակը, լրացրեք այն, գրեք Ձեր հերքումը և Պատասխանը, որից հետո էլ այն փոստային ծառայության միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ, ուղարկեք լրատվամիջոցին։

Հերքման տեքստի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:

Պատասխանի տեքստը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո8
Ոչ0