Լրագրողը տեսանկարահանում է ինձ, սակայն ես չեմ ցանկանում: Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Լրատվամիջոցներ

Լրագրողը տեսանկարահանում է ինձ, սակայն ես չեմ ցանկանում: Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները, իրենց մասնագիտությունից ելնելով, պետք է գործեն ազատորեն, անկաշկանդ, պետք է առաջնորդվեն խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքներով՝ պահպանելով ՀՀ օրսնդրությունը։ Ավելին, լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում ունի մի շարք երաշխիքներ ՀՀ օրենսդրությամբ:

Սակայն կան նաև բացառություններ, երբ, օրինակ, լրագրողի ազատ գործելու իրավունքը կարող է խախտել այլ անձանց մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը կամ հանգեցնել օրենքի այլ խախտումների։

Օրենքում հստակ ամրագրված է, որ արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը:

Ավելին, արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար, և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ։ Այս կանոնից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տեսաձայնագրումը կատարած անձի՝ տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել:

Այսինքն՝ եթե Դուք տեսնում եք, որ լրագրողը տեսնկարահանում է Ձեզ, և Դուք դա չեք ցանկանում, ապա պետք է ողջամիտ և անհրաժեշտ քայլեր կատարել՝ նրա տեսադաշտից դուրս գալու, լրագրողից հեռանալու համար։ Նման դեպքերում, երբ լրագրողը տեսնում է, որ Դուք Ձեր գործողություններով ողջամիտ քայլեր եք ձեռնարկում նրա տեսադաշտում չհայտնվելու համար, կամ, օրինակ, առնվազն ակնկալում եք, որ չեք գտնվում լրագրողի տեսադաշտում, ապա լրագրողն իրավունք չունի կատարած տեսաձայնագրումը տարածել։ Ավելին, լրագրողն իրավունք չունի նաև գաղտնի կամ թաքուն տեսաձայնագրել կամ տեսանկարահանել Ձեզ և տարածել դա՝ բացառությամբ այն դեպքերից, երբ, օրինակ, դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

Ամեն դեպքում, եթե չեք ցանկանում, որ լրագրողը տեսնկարահանի Ձեզ, ապա պետք ձեր գործողություններով բավարար միջոցներ ձեռնարկեք՝ Ձեզ չտեսանկարահանելու համար (լրագրողի տեսադաշտից հեռանալ, լրագրողական լուսաբանման վայրից հեռանալ և այլն)։ Սակայն եթե դուք գտնվում եք հանրային ինչ-որ միջոցառման, որը լուսաբանում են լրագրողները, և չեք հեռանում կամ չեք ցանկանում հեռանալ այդ միջոցառման տարածքից, փոխարենը՝ լրագրողից պահանջում եք, որ Ձեզ չնկարի, դա դեռ չի նշանակում, որ Դուք ձեռնարկում եք բավարար միջոցներ՝ լրագրողի տեսադաշտից հեռանալու համար։ Եվ այդ դեպքում լրագրողը իրավասու է առանց Ձեր համաձայնության լուսաբանել միջոցառումը, տեսանկարահանել նաև միջոցառման վայրը հանդիսացող այն հատվածները, որտեղ նաև Դուք եք գտնվում, և տարածել իր լրատվամիջոցով։

Եթե կարծում եք, որ լրագրողի կողմից խախտվել է Ձեր իրավունքները, ապա կարող եք տվյալ լրատվամիջոցին ներկայացնել պահանջ՝ չհրապարակելու լրագրողի արձանագրած նկարները կամ տեսանյութերը, որոնց մեջ նաև գտնվում եք Դուք՝ ներկայացնելով մանրամասն պատճառաբանություն։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո15
Ոչ0