Անձին մեղադրում են հանցանքի մեջ ու առաջարկում քննել գործն արագացված կարգով: Ի՞նչ է պետք իմանալ
Արագացված դատաքննություն իրականացնելը նախատեսված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով՝ որպես մեղադրվող անձի՝ քաղաքացու (ամբաստանյալի) իրավունք, որը նրան որոշակի առավելություններ է տալիս։
Արագացված դատաքննության դեպքում անձը հայտարարում է դատարանին, որ ընդունում է իր մեղքը, հասկանում է, որ հանցանք է գործել, և խնդրում է դատավարությունն անցկացնել արագ ընթացակարգով՝ առանց քննելու կամ հետազոտելու գործում առկա ապացույցները։
Արագացված դատաքննության դեպքում առավելությունն այն է, որ դատարանն անձի համար չի կարող սահմանել ավելի խիստ պատիժ, քան հանցանքի համար նախատեսված առավելագույն խիստ պատժի 2/3-ը։ Այսինքն՝ եթե, օրինակ, անձը մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որի համար պատիժ է սահմանված 3-ից 7 տարի ժամկետով, ապա արագացվածի դեպքում դատարանի կողմից նշանակվելիք պատիժը չի գերազանցի 7 տարվա 2/3-ը, որը կազմում է 4 տարի 6 ամիս։
Անձը դատարանում կարող է իր մեղքն ընդունել և դատական քննության արագացված կարգ խնդրել միայն այն դեպքում, երբ ունի փաստաբան՝ պաշտպան, որն իրեն բացատրել է արագացված քննության էությունն ու հետևանքները։
Պետք է իմանալ, որ արագացված քննության դեպքում դատարանը չի հետազոտում դեպքի հանգամանքներն ու մանրամասնությունները, չի հետազոտում գործում առկա ապացույցները և չի ճշտում դատախազի կամ պաշտպանական կողմի կարծիքները դրանց վերաբերյալ, այլ միայն հիմք է ընդունում անձի կողմից մեղքը ընդունելը և անմիջապես կայացնում է համապատասխան դատավճիռ։
Սա նշանակում է, որ
- եթե անձը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ, այսինքն՝ համաձայն չէ, որ կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը կամ
- իրեն վերագրվող հանցավոր արարքի ծանրությունը չի համապատասխանում իրականությանը կամ
- իրեն վերագրվող հանցավոր արարքի նախաքննության ընթացքում քննիչը թույլ է տվել խախտումներ,
ապա դատական քննության արագացված կարգի դեպքում անձը հնարավորություն չի ունենա ներկայացնել դրանց վերաբերյալ փաստերը, աապացույցները և համապատասխան պահանջները։
Արագացված քննության ընթացքում դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առնում միայն մեղադրվողի անձը, մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանքների առկայությունը։
Անձը կարող է արագացված դատաքննության միջոցով իր դեմ կայացված դատավճիռը բողոքարկել միայն պատժի մասով՝ այսինքն, որ իր վերաբերյալ խիստ պատիժ է նշանակվել, սակայն գործի և դեպքի փաստերի մասով վերաքննիչ բողոք չի կարող ներկայացվել, քանի որ, ինչպես նշվեց, արագացվածի դեպքում ապացույցներն ու դեպքի մանրամասները չեն քննարկվել։
Հարկ է իմանալ, որ դատախազն իրավունք չունի դատարանում ամբաստանյալին խորհուրդ տալ դատական քննության արագացված կարգի վերաբերյալ։
Անձն ինքնուրույն պետք է նման խնդրանքվ դիմի դատարանին։