Ուզում եմ պարսպապատել իմ տարածքը: Ու՞մից պետք է թույլտվություն ստանամ

Քաղաքաշինություն

Ուզում եմ պարսպապատել իմ տարածքը: Ու՞մից պետք է թույլտվություն ստանամ

Համայնքի վարչական սահմաններում պարսպի կառուցապատման նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանքը, կառուցապատման թույլտվությունները և այլ փաստաթղթեր տալիս է համայնքի ղեկավարը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը։ Այդ նպատակով, նախ, անհրաժեշտ է դիմել համայնքի ղեկավարին կամ քաղաքապետին՝ խնդրելով տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նախագծելու համար Ձեր հողատարածքի պարսպի ճարտարապետական նախագիծը։

Դիմումին պետք է կցեք Ձեր անձնագրի պատճենը, սեփականության վկայականի և նշահարման ակտի պատճեները։ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստանալուց հետո պետք է դիմել ցանկացած լիցենզավորված ճարտարապետական կազմակերպության՝ խնդրելով առաջադրանքին համապատասխան՝ նախագծել պարսպի կառուցման սխեման և կազմել ամբողջական նախագիծ։ Այնուհետև նախագիծը, որի մեջ ներառվում են նաև հողի հետ կապված Ձեր փաստաթղթերը, պետք է ներկայացնեք համայնքի ղեկավարին կամ քաղաքապետին՝ խնդրելով տալ շինարարական թույլտվություն՝ պարիսպը նախագծին համապատասխան կառուցելու համար, և միայն շինարարական թույլտվությունը ստանալուց հետո իրավունք կունենաք իրականացնել շինարարական աշխատանքներ։

Դիմումների ձևերը առկա են համայնքներում և քաղաքապետարաններում, և գործում է մեկ պատուհանի սկզբունքը, անհրաժեշտ է միայն փաստաթղթերով ներկայանալ և լրացնել դիմումները։

Դուք իրավասու չեք շեղվելու ճարտարապետական նախագծից, չպետք է պարիսպը կառուցեք այն չափերով և տեսքով, որը չի համապատասխանում նախագծին։ Նախագծից ցանկացած շեղում կարող է դիտարկվել որպես ապօրինի շինարարություն, և քաղաքապետարանը կարող է վարչական վարույթ հարուցել և տուգանել Ձեզ:

Եթե Ձեր շինարարությունը դեռ ընթացքի մեջ է, ապա համայնքի կամ քաղաքապետարանի աշխատակիցները կարող են միջամտել և ժամանակավորապես արգելել շարունակելու շինարարությունը՝ մինչև խախտումների վերացումը։  

Ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարական թույլտվություններ ստանալու համար անհրաժեշտ է վճարել համապատասխան պետական տուրք:

Եթե շինարարության ընթացքում առաջանան հարցեր կամ խախտվեն Ձեր իրավունքները, ապա կարող եք այդ մասին ահազանգել ՀՀ քաղաքաշինության պետական տեսչություն՝ (012) 31-77-71 հեռախոսահամարով, կամ էլ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-08 հեռախոսահամարով։ Երևանի քաղաքապետարանի և այլ վարչական շրջանների թեժ գծերի մասին տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով։

Շինարարական թույլտվության վերաբերյալ փաստաթղթերի օրինակելի տարբերակների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 

 

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո49
Ոչ4