Ի՞նչ անել, եթե ինձնից կաշառք են ուզում
Պետական ոչ լավագույն ավանդույթներն ունեցող երկրներում տարածված կոռուպցիոն արարքներից է կաշառակերությունը։ Հայաստանում կաշառք պահանջելը և տալը լուրջ հանցագործություններ են։
Ընդ որում՝ հանցանք է թե՛ հանրային ծառայողի (դատավոր, դատախազ, քննիչ, պատգամավոր և այլն), թե՛ մասնավոր ոլորտի ներկայացուցչի (աուդիտոր, նոտար, փաստաբան և այլն) կողմից կաշառք պահանջելն ու ստանալը։
Կաշառք տալ է համարվում ոչ միայն գույքի (ներառյալ դրամական միջոցների, գույքային իրավունքների և այլն) ձևով, այլ նաև ծառայություն մատուցելու կամ որևէ առավելություն տալու տեսքով տրված բարիքը՝ ինչպես կաշառք վերցնողի, այնպես էլ նրա կողմից մատնանշված անձի համար։
Անհրաժեշտ է նաև հիշել, որ այլևս չի գործում նախկին Քրեական օրենսգրքի՝ պատասխանատվությունից ազատող նորմը, երբ կաշառքի շորթման դեպքում կաշառք տվողն ազատվում էր պատասխանատվությունից, եթե նա մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնում էր քրեական հետապնդման մարմիններին և աջակցում բացահայտմանը:
Այդուհանդերձ, պրակտիկայի ուժով, այն անձանց, որոնք, այս կարգին համապատասխան, իրավապահներին հայտնում են կոռուպցիոն դեպքի մասին, դեռևս քրեական պատասխանատվության չեն ենթարկում։
Եթե Ձեզնից ուզում են կաշառք, ապա Դուք ունեք միայն մեկ օրինական ճանապարհ՝ անմիջապես դիմել Հակակոռուպցիոն կոմիտե (+374-11-900-035 [email protected] Երևան, Վ. Վաղարշյան 13ա):
Ընդ որում, արժի որևէ մեկին չասել, որ դիմում եք Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի իրավապահները կարողանան կաշառք շորթողի համար անակնկալ ու գաղտնի գործել և ապացույցներ հավաքել կաշառակերության մասին: Դա այն եզակի պահն է, երբ հնարավոր է լինում բացահայտել կաշառակերին։
Հայտնելուց հետո, ամենայն հավանականությամբ, մասնակից կլինեք «կաշառք տալու նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառմանը, որի արդյունքում կձերբակալվեն կաշառակերները:
Հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել են իրենց առաջնահերթություններից մեկը, սակայն վերջին տարիներին այդ մասով լուրջ առաջընթաց չկա։ Կաշառակերության դեմ պայքարը իրավապահները կարող են անել միմիայն քաղաքացիների օգնությամբ:
Հետևապես, եթե գիտեք կոռուպցիոն դեպքի մասին, դիմեք իրավապահներին և օգնեք պատժել կոռումպացված՝ փչացած պաշտոնյաներին: