Պարտքերս չփակելու հետևանքով կալանք են դրել միակ բնակարանիս վրա և ցանկանում են աճուրդով վաճառել։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ
Նախ և առաջ պետք է արձանագրել, որ դեռևս 01.03.2017 թ.-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի շուկայական արժեքը հավասար կամ ցածր է ընդհանուր 4,900,000 ՀՀ դրամից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար:
Բնակարանը համարվում է անձի միակ կացարանը, եթե անձի անունով այլ անշարժ գույք (բնակարան կամ բնակելի տուն) գրանցված չէ։ Իսկ եթե միակ բնակարանի շուկայական արժեքը բարձր է վերոնշյալ գումարի չափից, ապա բնակարանի իրացումից հետո Ձեզ պետք է վերադարձվի միակ բնակարանի իրացման համար նախատեսված վերոնշյալ գումարը։
Այս կանոնները չեն գործում այն դեպքերում, երբ.
– բնակարանը գրավադրված է և հանդիսանում է գրավի առարկա
– պարտքի գումարը հանդիսանում է ալիմենտային գումար կամ՝ կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման գումար:
Սակայն հարկ է նշել, որ վերոգրյալ փոփոխությունը տարածվում է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա: Այսինքն՝ մինչև 01․03․2017թ․ հարուցված կատարողական վարույթներով պարտապանին պատկանող միակ բնակարանը համարվում է բռնագանձման ենթակա գույք։