Ցանկանում եմ գնել մանեկենի վրա ցուցադրված վերնաշապիկը, բայց ասում են, որ այն արդեն պատվիրված է․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Սպառողների իրավունքներ

Ցանկանում եմ գնել մանեկենի վրա ցուցադրված վերնաշապիկը, բայց ասում են, որ այն արդեն պատվիրված է․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Նկարագրված իրավիճակում հարկ է արձանագրել, որ ապրանքի առուվաճառքի գործարքի կայաց­ման համար անհրաժեշտ է, որ գնորդը դրա համար վճարած լինի, իսկ ապրանքը գնորդին հանձնված լինի։ Եթե խանութ-սրահում վաճառքի նպատակով դեռևս ցուցադրման է ներկայացված ապրանք, դա արդեն իսկ նշանակում է, որ այն դեռևս վաճառված չէ, և յուրաքանչյուր անձ՝ որպես սպառող, իրավունք ունի գնելու իրեն դուր եկած այն ապրանքը, որն ընտրել է։ Եվ սպառողի այս իրավունքը չի կարող սահմանափակվել միայն այն պատճառով, որ խանութ-սրահի վաճառողուհին կամ տնօրինությունը տվյալ ապրանքը վաճառելու խոստում է տվել այլ քաղաքացու։ Եթե խոստումը դիտարկենք որպես վաճառողի և գնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածություն՝ ապրանք վաճառելու վերաբերյալ, ապա խանութ-սրահի աշխատակիցները պարտավոր էին տվյալ կոնկրետ վեր­նա­շապիկը հանել ցուցադրումից, առանձնացնել այնպես, որ խանութ-սրահ մտնող սպառողները չկարողանան տեսնել այն և գնելու ցանկություն հայտնել։ Նման իրավիճակում խանութ-սրահը կպահպանի ինչպես իր խոստումը, այնպես էլ անհարկի չի սահմանափակի սպառողի իրավունքը՝ գնելու այն ապրանքը, որը դրված է վաճառքի նպատակով ցուցադրման։ Պատճառն այն է, որ անորոշ շրջանակի հասցեագրված ապրանքի վաճառքի առաջարկը՝ գովազդով, քարտացուցակներով (կատալոգներով) և նկարագրությամբ, համարվում է վաճառքի հրապարակային առաջարկ (հրապարակային օֆերտա) բոլորին, որոնք կցանկանան գնել ապրանքը։ Ապրանքի ցուցադրումը վաճառքի վայրում (վաճառասեղանների վրա, ցուցափեղկերում, մանեկենների վրա և այլն), դրանց նմուշների ցուցադրումը կամ վաճառվող ապրանքների մասին դրանց վաճառքի վայրում տեղեկություններ տրամադրելը համարվում է ապրանքի վաճառքի հրապարակային առաջարկ անկախ այն բանից, թե դրանցում նշված են ապրանքների գները, նշված են մանրածախ առուվաճառքի մյուս էական պայմանները, թե ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը բոլորի համար տեսանելի կերպով սահմանել է, որ համապատասխան կոնկրետ ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար։ Եթե վերնաշապիկը ցուցադրված է մանեկենի վրա խանութ-սրահի տարածքում, դա արդեն իսկ նշանակում է, որ այն դեռևս վաճառված չէ, հետևաբար՝ վաճառողը պարտավոր է տվյալ վերնաշապիկը վաճառել Ձեզ։ Եթե ստացել եք մերժում, ապա այդպիսի մերժումը օրինական չէ, և Դուք առաջնահերթ պետք է վերնաշապիկը Ձեզ վաճառելու պահանջ ներկայացնեք տնօրինությանը։

Իսկ եթե կրկին ստանում եք մերժում, ապա անհրաժեշտ է Ձեր հետագա իրավունքների պաշտպա­նության նպատակով հավաքել ապացույցներ կատարվող իրավիճակի վերաբերյալ, որպեսզի հետագա­յում խանութ-սրահի տնօրինությունը չհերքի կատարվածը։ Այդ նպատակով անհրաժեշտ է լուսանկարել և տեսանկարահանել այն վերնաշապիկը, որը ցուցադրված է վաճառքի համար մանեկենի վրա, անհրա­ժեշտ է տեսաձայնագրել խանութ-սրահի վաճառողուհու, մենեջերի կամ տնօրենի՝ Ձեր կողմից պա­հանջ ստանալու և մերժելու գործողությունները՝ նախապես տեսա­նկարահանման մասին տեղյակ պահելով վերջիններիս։ Խնդրի մասին կարող եք Ձեր դժգոհությունները գրառել նաև խանութ-սրահի այն պաշտոնական էջերում, որոնք բացված են տարբեր սոցիալական կայքերում՝ հրապարակելով լուսանկարներն ու տեսաձայնագրությունները։ Այս քայլը ևս միջոց է խանութ-սրահի անօրինական գործողությունները կանխելու և Ձեր իրավունքները վերականգնելու համար։

Այնուհետև անհրաժեշտ է խնդրի մասին անհապաղ ահազանգել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-581-122, կամ թեժ գիծ՝ 011-597-167։ Առավել մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ: 

Ձեր խնդրի մասին տեղում կարող եք ահազանգել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որի նպատակների մեջ է մտնում նաև սպա­ռող­ների իրավունքների պաշտպանությունը տնտեսվարողների անբարեխիղճ գործողություններից։ Անհրաժեշտ է ահազանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-543-985, հասցեն՝ ք․ Երևան, Մ․ Մկրտչյան փողոց 5բ շենք։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Ձեր բողոքների մասին կարող եք բարձրաձայնել նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ կամ տեղական ինքնակառավարման մարմին­ներում գործող առևտրի և սպասարկումների բաժիններ։

Ձեր՝ որպես սպառողի, իրավունքների պաշտպանության նպատակով կարող եք դիմել նաև դատա­րան ընդդեմ խանութ-սրահի՝ պահանջելով Ձեզ վաճառել այն նույն վերնաշապիկը, որը ցուցադրված էր մանեկենի վրա։ Իրավունքի պաշտպանության այս տարբերակը, սակայն, լինելու է ժամանակատար։

 

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո6
Ոչ0