Ցանկանում եմ ալիմենտի բռնագանձման նպատակով դիմել դատարան, սակայն փաստաբանները շատ գումար են ուզում․ կա արդյո՞ք անվճար տարբերակ
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու և ալիմենտի բռնագանձման նպատակով դատարան դիմելու հարցում օգնություն հնարավոր է հայցել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակում։ Սակայն փաստաբանների պալատի համակարգում գործող հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում միայն հետևյալ սոցիալական խմբերին․
1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին,
2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին,
3) դատապարտյալներին,
4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին,
5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին,
6) գործազուրկներին,
7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին,
8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց,
9) փախստականներին,
10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին,
11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում (սույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն, չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց),
12) հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց,
13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց,
14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին,
15) խոշտանգումից տուժած անձանց,
16) Ընտանիքում բռնության ենթարկված անձանց:
Վերոնշյալ կետերից 11-րդ կետի հիմքով Դուք կարող եք դիմել հանրային պաշտպանի գրասենյակին՝ ներկայացնելով սեփական անվճարունակության վերաբերյալ հավաստի փաստաթղթեր (տեղեկանք կադաստրից և ՃՈ-ից, որ Ձեր անունով անշարժ կամ շարժական գույք չունեք)։ Հանրային պաշտպանի գրասենյակի հետ կապ հաստատելու տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարկ է նաև նշել, որ տարբեր փաստաբանական գրասենյակներ և փաստաբաններ մատուցում են փաստաբանական ծառայություններ, որոնց արժեքները տարբեր են։ Կգտնվեն փաստաբաններ կամ փաստաբանական գրասենյակներ, որոնք կարող են ծառայություններ մատուցել համեմատաբար ավելի մատչելի գնով կամ դատական գործի ավարտին վճարման պայմանով։ Փորձեք հարցում անել հնարավորինս շատ փաստաբանական գրասենյակների և փաստաբանների՝ ճշտելով դրանց ծառայությունների արժեքները և դրանցից ընտրել ամենահարմար տարբերակը։ Փաստաբանական գրասենյակների ցանկին և տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ այստեղ։
Իսկ փաստաբանների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կան նաև հասարակական կազմակերպություններ, որոնք կրկին որոշակի կարգավիճակ ունեցող անձանց տրամադրում են անվճար իրավաբանական օգնություն։ Օրինակ՝ Կանանց իրավունքների կենտրոնն անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում այն կանանց, որոնց հանդեպ տեղի է ունեցել բռնություն։ Կանանց իրավունքների կենտրոնի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։