Պարտապանին դատի էի տվել, բայց որոշել ենք հաշտվել․ ինչպե՞ս է պետք ձևակերպել հաշտությունը
Դատավարության ցանկացած փուլում դատավարության մասնակիցները կարող ենք կնքել հաշտության համաձայնություն և վեճն ավարտել հաշտությամբ։ Այն պետք է ձևակերպվի գրավոր, ստորագրվի գործին մասնակցող անձանց կողմից և ներկայացվի դատարանի հաստատմանը:
Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստի ժամանակ Ձեզ կպարզաբանի դրա կնքման հետևանքները։ Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ, որը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկամսյա ժամկետում:
Հարկ է նշել, որ դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին,
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը,
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել,
4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
Հաշտության համաձայնությունը վերոնշյալ հիմքերով դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, որի մասին կայացնում է արձանագրային որոշում:
Հաշտության համաձայնություն կնքելիս Դուք պետք է անդրադառնաք նաև դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում՝ նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին: Դատական ծախսերի մեջ են ներառվում Ձեր կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, փաստաբանին վճարված վարձատրության գումարը, նամակագրության հետ կապված ծախսերը և այլ ծախսեր, որոնք ուղղակի առնչություն ունեն գործի հետ։ Եթե հաշտության համաձայնությամբ դատական ծախսերը բաշխելու հարցը չկարգավորեք, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը կբռնագանձի հավասարաչափ:
Հաշտության համաձայնությունը ձևակերպելիս անհրաժեշտ է դրանում նշել Ձեր և մյուս կողմի անձնագրային տվյալները, քաղաքացիական գործի համարը, որի շրջանակներում կնքում եք հաշտության համաձայնությունը, որից հետո մանրամասն պետք է շարադրել այն պայմաններն ու դրույթները, որոնց շուրջ եկել եք համաձայնության։
Հաշտության համաձայնության օրինակ կարող եք ներբեռնել այստեղից: