Մեր ընտանիքն այգում բանջարեղեն է աճեցնում ու վաճառում, բայց չենք ուզում խնդիրներ ունենալ հարկայինի հետ․ ի՞նչ է պետք անել

Հարկային եւ մաքսային ծառայություններ

Մեր ընտանիքն այգում բանջարեղեն է աճեցնում ու վաճառում, բայց չենք ուզում խնդիրներ ունենալ հարկայինի հետ․ ի՞նչ է պետք անել

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով, նախ, անհրաժեշտ է գրանց­վել որպես անհատ ձեռնարկատեր կամ հիմնադրել նոր ընկերություն։ Եթե նախատեսում եք ձեռնարկել փոքրածավալ բիզնես, ինչպիսին է, օրինակ, բանջարեղենի աճեցումն ու վաճառքը, ապա Ձեզ համար նախնական ավելի նպատակահարմար կլինի հաշվառվել որպես Ա/Ձ, որի համար Ձեզ անհրաժեշտ է միայն անձնագրով և սոցիալական քարտով, իսկ նույնականացման քարտ ունենալու դեպքում՝ միայն նույնականացման քարտով ներկայանալ Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալություն՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա, 49/3 հասցեով։ Իսկ մարզերի դեպքում հասցեները կարող եք գտնել հետևյալ հղումով։ Ներկայանալով գործակալություն՝ անհրաժեշտ է տեղում վճարել 3300 ՀՀ դրամ գումար, որից 3000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրք, իսկ 300 ՀՀ դրամը՝ միջնորդավճար։ Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը կատարվում է տեղում, և տեղում Ձեզ կտրամադրեն համապատասխան քաղվածք, որում նշված կլինեն Ձեր Ա/Ձ-ի վերաբերյալ բոլոր մանրամասները, այդ թվում՝ հարկային կոդը՝ ՀՎՀՀ-ն։ Նույն կերպ կարող եք նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցել, որի համար պետական տուրքի վճարում նախատեսված չէ, եթե առաջին անգամ եք Ձեր անվամբ կազմակերպություն գրանցում։

Որպես Ա/Ձ հաշվառվելուց կամ ՍՊԸ գրանցելուց հետո անհրաժեշտ է հարկային ծառայությունում գրանցվել որպես միկրոձեռնարկություն, որի դեպքում Ձեր բիզնեսը պետության կողմից չի հարկվի։ Դրա համար անհրաժեշտ է Ա/Ձ հաշվառվելուց հետո 20-օրյա ժամկետում էլեկտրոնային կարգով միկրոձեռնարկության վերաբերյալ հայտ ներկայացնել հարկային ծառայություն։ Իսկ հարկային հաշվետվու­թյուններ ուղարկելու համար պետք է պարտադիր ունենաք նույնականացման քարտ, քանի որ առանց նույնականացման քարտի չեք կարողանա էլեկտրոնային կարգով ներկայացնել հաշվետվություն։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում Ա/Ձ հաշվառվել կամ ՍՊԸ գրանցել Ձեր նույնականացման քարտով։

Նույնականացման քարտ ստանալու համար էլ անհրաժեշտ է անձնագրով, իսկ արական սեռի ներկա­յացուցիչների դեպքում՝ նաև զինվորական գրքույկով ներկայանալ անձնագրային բաժին, վճարել 3300 ՀՀ դրամ։ Նույնականացման քարտը հարկային հաշվետվությունների նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարային տերմինալի, սեղմել e-keng պատուհանի վրա, լրացնել անհրաժեշտ դաշտերը, կատարել վճարումը։ Հետագայում էլ հարկային հաշվետվություններ ուղարկելու նպատակով Ձեր նույնականացման քարտով բոլոր հաշվետվությունները կներկայացնի հաշվապահը՝ համապատասխան սարքով։

Միկրոձեռնարկության հարկային ռեժիմով աշխատելու դեպքում անհրաժեշտ է իմանալ, որ Ձեր բիզնեսի ընդհանուր տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 միլիոն դրամը։ Եթե գերազանցի, ապա Դուք այլևս չեք կարողանա գործունեություն ծավալել միկրոձեռնարկության հարկային ռեժիմի ներքո։

Միկրոձեռնարկության հարկային ռեժիմով աշխատելու դեպքում պետք է տարեկան մեկ անգամ ներկա­յացնել տարեկան շրջանա­ռության վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև յուրաքանչյուր գրանցված աշխա­տողի համար ամսական հաշվետվություն և յուրաքանչյուրի համար 5000 ՀՀ դրամի չափով եկամտային հարկ, աշխատավարձի 2.5 տոկոսի չափով սոցիալական վճար և 1000 դրամ՝ բանակի համար։

Պետք է նկատի ունենալ, որ ոչ բոլոր գործունեության տեսակները կարող են գործել միկրոձեռ­­նարկության հարկային ռեժիմի ներքո։ Եթե բանջարեղենի աճեցումն ու վաճառքը իրականացնում եք Երևանի տարածքում, ապա միկրոձեռնարկության ռեժիմով աշխատելու իրավունք չեք ունենա։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո16
Ոչ2