Հարկայինի աշխատակիցը ցանկանում է ինձ տուգանել ՀԴՄ անդորրագիր չտալու համար, սակայն նա չի ներկայացրել ստուգման հանձնարարական. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Հարկային եւ մաքսային ծառայություններ

Հարկայինի աշխատակիցը ցանկանում է ինձ տուգանել ՀԴՄ անդորրագիր չտալու համար, սակայն նա չի ներկայացրել ստուգման հանձնարարական. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Եթե հարկային մարմինը ցանկանում է վարչական պատասխանատվության ենթարկել Ձեզ՝  հայտնելով, որ Դուք ՀԴՄ կտրոն չեք տվել, ապա նա նախ պարտավոր է կազմել արձանագրություն, որում պետք է մանրամասն նշի, թե որտեղ և ինչ պայմաններում է պարզել թույլ տրված խախտումը, պետք է նշի, թե որ ապրանքի համար և ում կողմից կատարված գնման ժամանակ Ձեր կողմից չի տրվել համապատասխան անդորրագիր։ Ընդ որում՝ Դուք իրավունք ունեք վարչական իրավախախտման արձանագրման ամբողջ ընթացքը տեսաձայնագրել՝ նախապես այդ մասին տեղյակ պահելով հարկային մարմնի աշխատակցին։ Դուք իրավունք ունեք նաև չհամաձայնվելու կազմված արձանագրության հետ՝ այդ մասին Ձեր բոլոր դիտողություններն ու առարկությունները գրառելով արձանագրության մեջ։

Եթե կարծում եք, որ հարկային մարմնի գործողություններում առկա են դիտավորություն և ուղղորդվածություն, եթե նա չարաշահում է իր լիազորությունները կամ ցուցաբերում է անպատշաճ վարքագիծ, կամ արգելում է տեսաձայնագրել վարչական իրավախախտման արձանագրության կազմումը, ապա կարող եք այդ մասին ահազանգել Պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ 060-54-44-44, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

Ահազանգելուց առաջ անհրաժեշտ է նախ պարզել հարկային մարմնի աշխատակցի անուն-ազգանունը և պաշտոնը, որպեսզի կարողանաք թեժ գծի հեռախոսահամարին զանգահարելով՝ հայտնել ավելի հստակ տվյալներ այն անձի մասին, որը, ըստ Ձեզ, խախտում է Ձեր իրավունքները։

Արձանագրության կազմումից հետո հարկային մարմինը առաջարկելու է ստորագրել և ստանալ Ձեր օրինակը։ Դուք իրավունք ունեք գրառել Ձեր առարկությունները, այնուհետևս ստորագրելով այն՝ ստանալ Ձեր օրինակը, ինչպես նաև՝ կարող եք հրաժարվել ստորագրել այն, որի դեպքում դուք Ձեր օրինակը կստանաք հետագայում՝ փոստային ծառայության միջոցով։ Ստանալով Ձեր օրինակը՝ Դուք իրավունք ունեք այն 30-օրյա ժամկետում բողոքարկել ըստ վերադասության և 2 ամսյա ժամկետում՝ դատարան։

 

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո9
Ոչ0