Լուսաբանում եմ քաղաքացիների կազմակերպած ցույցը, բայց ոստիկանությունը խոչընդոտում է. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Լրատվամիջոցներ

Լուսաբանում եմ քաղաքացիների կազմակերպած ցույցը, բայց ոստիկանությունը խոչընդոտում է. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ հատկապես խաղաղ ցույցերը լուսաբանելիս, չպետք է խոչընդոտվի ցանկացած անձի կողմից։ Լրագրողը պետք է լինի անկախ, զերծ ամեն տեսակ ճնշումներից և իրավապահ մարմինների անօրինական գործողություններից։ Ավելին, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն խոչընդոտելը կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը հանգեցնում է քրեական պատասխանատվու­թյան։ Ավելին, նույն արարքները պաշտոնատար անձանց, այդ թվում՝ իրավապահ մարմինների կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ բռնություն գործադրելու միջոցով կատարելը հանդիսանում է տվյալ հանցագործությունը ծանրացնող հանգամանք և դրա համար սահմանած է ավելի խիստ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև ազատազրկում յոթ տարի ժամանակով։

Նախ հարկ է նշել, որ որպես լրագրող պետք է Ձեզ հետ ունենաք համապատասխան վկայական, որով կհաստատվի Ձեր՝ լրագրող հանդիսանալու հանգամանքը։ Հնարավորության դեպքում այդ վկայականը անհրաժեշտ է կրել տեսանելի կերպով։

Եթե ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում են Ձեր՝ որպես լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, ապա առաջնահերթ պետք է տվյալ ոստիկանության ծառայողներին, ցույց տալով Ձեր վկայականը, հայտնեք, որ հանդիսանում եք լրագրող, չեք հանդիսանում ցույցի կամ հավաքի մասնակից, և պահանջեք, որ զերծ մնան Ձեր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուց։ Եթե ոստիկանության ծառայողները շարունակեն իրենց ապօրինի գործողությունների կատարումը և կրկին խոչընդոտեն Ձեր մասնագիտական գործունեությունը, ապա Դուք պետք է անհապաղ ահազանգեք ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հետևյալ հեռախոսահամարով՝ 011-90-00-35, հայտնելով կատարվածի մասին։ Բացի այդ, կարող եք կատարվածի համար ահազանգել ՀՀ ոստիկանության ներքին անվտան­գության վարչության թեժ գիծ հետևյալ հեռախոսա­համարով՝ 011-52-93-38։ Իսկ եթե ցանկանում եք, որ հետագայում ոստիկանության տվյալ ծառայողները ենթարկվեն կարգապահական պատասխանատ­վության, ապա կարող եք Ձեր գրավոր բողոքները ներկայացնել ոստիկանության պետի անունով հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Նալբանդյան փողոց 130։ Կարող եք նաև Ձեր բողոքները ներկայացնել էլեկտրոնային կարգով հետևյալ հղումով։

Միաժամանակ նպատակահարմար կլինի տեսանկարահանեք այն ոստիկանության ծառայողներին, որոնք փորձում են խոչընդոտել Ձեր մասնագիտական գործունեությանը, որպեսզի հետագայում դրանք կարողանաք ներկայացնել ոստիկանների վարքագծի քննության ընթացքում։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո3
Ոչ0