Հոսանքի տատանումների պատճառով վնասվել է իմ տեխնիկան։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ
Հայաստանի Հանրապետությունում էլեկտրամատակարարումը իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը յուրաքանչյուր հասցեում գտնվող անշարժ գույքում էլեկտրամատակարարում իրականացնելու համար տան սեփականատիրոջ հետ կնքում է համապատասխան բաժանորդային պայմանագիր։ Հենց այս պայմանագրով է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորվում է իր բաժանորդներին մատուցել պատշաճ որակի էլեկտրամատակարարում։ Եվ եթե ոչ պատշաճ որակի էլեկտրամատակարարման հետևանքով (հոսանքի տատանում) քաղաքացու գույքին պատճառվում է վնաս, ապա այդ վանսը պետք է հատուցվի էլեկտրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, քանի որ հենց նա է ոչ պատշաճ կատարել իր պարտականությունները (եթե չի ապացուցում, որ հոսանքի տատանումը տեղի է ունեցել ֆորս-մաժորային իրավիճակների հետևանքով)։
Նման իրավիճակ առաջանալու դեպքում անհրաժեշտ է նախ պարզել և հաշվարկել, թե Ձեզ որքան գույքային վնաս է պատճառվել, որ ապրանքը ինչ արժեք ունի։ Այդ նպատակով կարող եք դիմել մասնագիտացված փորձագիտական կազմակերպությունների (օրինակ՝ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո»)՝ խնդրելով պարզել պատճառված վնասի չափը ու վնասի առաջացման պատճառները։ Փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո պետք է դիմում ներկայացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ՝ պահանջելով հատուցել հոսանքի տատանման հետևանքով Ձեզ պատճառված այն վնասները, որոնք նշվել են փորձագետի եզրակացության մեջ։ Դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։
Եթե Ձեր դիմումի հետ կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից չեք ստացել որևէ պատասխան կամ ստացել եք մերժում, ապա Դուք իրավունք ունեք առաջացած իրավիճակի մասին հայտնել «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին», որի մասին անհրաժեշտ տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը» պարտավոր է Ձեր ներկայացրած դիմում-բողոքի վերաբերյալ հարուցել վարույթ և կայացնել բողոքի հետ կապված որոշում։ Դիմում-բողոքը կարող եք ներբեռնել այստեղից։
Եթե վնասի հատուցման հետ կապված Ձեր խնդիրները չլուծվեն կամ կայացված որոշումները չբավարարեն Ձեզ, ապա կարող եք վնասի հատուցման պահանջով դիմել դատարան՝ ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի։ Այս դեպքում դատարանում պետք է ապացուցեք, որ վնասը առաջացել է հենց հոսանքի տատանումների հետևանքով, պետք է ապացուցեք վնասի չափը և վնասի հետ կապված մի շարք այլ հանգամանքներ։ Դատարան դիմելիս էլ պետք է կատարեք պետական տուրքի վճարում Ձեզ պատճառված վնասի երկու տոկոսի չափով՝ հետևյալ հաշվեհամարին՝ 90005016010։