Ցանկանում եմ օրինականացնել 1990-ականներին հորս կառուցած տունը․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել
Այդ նպատակով անհրաժեշտ է առնվազն երեք հարևաններից վերցնել հավաստում այն մասին, որ այդ տունը կառուցվել է 1990-ական թվականներին Ձեր հոր կողմից, որը պետք է ներկայացնեք Ձեր հասցեն սպասարկող համատիրությունը, իսկ համատիրության բացակայության դեպքում՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկանք այն մասին, որ տունը կառուցված է 1990-ական թվականներին։
Դրանից հետո անհրաժեշտ է դիմել մասնագիտացված չափագրական ծառայություններ մատուցող կազմակերպության՝ պատվիրելով Ձեր սեփական տան ամբողջական չափագրում։ Այնուհետև անհրաժեշտ է չափագրական եզրակացությունը, տեղեկանքը, հողամասի սեփականության իրավունքի վկայականը, բնակելի տան լուսանկարները ներկայացնել քաղաքապետարան՝ խնդրելով թույլատրել օրինականացնել կառուցված ինքնակամ շինությունը։
Համայնքի ղեկավարը պարտավոր է Ձեր դիմումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կայացնել ինքնակամ շինությունը օրինականացնելը թույլատրելու կամ մերժելու մասին որոշում։ Ինքնակամ շինություններն օրինականացնելու կարգի և պայմանների մասին մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ։
Եթե այս ընթացքում առաջանան հարցեր կամ խախտվեն Ձեր իրավունքները, ապա կարող եք այդ մասին ահազանգել ՀՀ քաղաքաշինության պետական տեսչություն՝ 012-31-77-71 հեռախոսահամարով, կամ էլ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-08 հեռախոսահամարով։ Երևանի քաղաքապետարանի և այլ վարչական շրջանների թեժ գծերի մասին տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով։
Հարևանների կողմից տրվելիք հայտարարության ձևը կարող եք ներբեռնել այստեղից: