Ցանկանում եմ կատարել ջրամատակարարման և ջրահեռացման միացումներ։ Ի՞նչպես պետք է դա անել և ու՞մ պետք է դիմել։

Հանրային ծառայությունների ոլորտ

Ցանկանում եմ կատարել ջրամատակարարման և ջրահեռացման միացումներ։ Ի՞նչպես պետք է դա անել և ու՞մ պետք է դիմել։

Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները Հայաստանի Հանրապետությունում մատուցում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, որին և պետք է դիմել նոր կառուցված բնակելի տան ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միացման նպատակով։ Նոր համակարգը, Ձեր հայեցողությամբ, կկառուցի վերոնշյալ ընկերությունը՝ Ձեր հաշվին, կամ կառուցման տեխնիկական պայմանները ստանալուց հետո՝ կարող եք կառուցել ինքներդ: Նոր համակարգը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներից, կկառուցվի Ձեր հաշվին: Կառուցված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի նկատմամբ սեփականության իրավունքը ևս կփոխանցվի Ձեզ դրա կառուցման պահից։

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցման և միացման նպատակով բնակիչ-բաժանորդները այդ մասին պետք է դիմում ներկայացնեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ստանալու միացման տեխնիկական թույլտվություն և միացման նախագիծ։

Դիմումին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը.

– անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,

– տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` նաև վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ,

– կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը,

– տեխնիկական պայմանների և խոշորացված նախահաշվի կազմման համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը։

Վերոնշյալ փաստաթղթերը հավաքելուց հետո կարող եք դիմումը լրացնել տեղում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տարածքային ստորաբաժանումներում, և հանձնել նրանց։ Ընկերության աշխատակիցները կօգնեն Ձեզ կազմել և լրացնել դիմումները։ Ընկերությունից համակարգի կառուցման և միացման տեխնիկական թույլտվությունը և նախագիծը ստանալուց հետո կարող եք ձեռնամուխ լինել դրա կառուցմանը, իսկ համակարգի միացումից առաջ, այդ մասին զգուշացնելով ընկերությանը, կատարել միացում։ Միացման ավարտից հետո պետք է տեղեկացնել այդ մասին ընկերությանը, որպեսզի աշխատակիցները գան և տեղադրեն առևտրային հաշվառքի սարք։ Վերջինս տեղադրելուց հետո էլ ընկերությունը Ձեզ հետ կկնքի ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագիր։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի թեժ գծի հեռախոսահամարը հետևյալն է՝ 1-85։ Ընկերության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կամ վերջինիս աշխատակիցների հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք այդ մասին ահազանգել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հետևյալ հասցեով և հեռախոսահամարով․ ք․ Երևան, Սարյան 22, հեռ․ 010-58-45-29։ Առավել մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո10
Ոչ2