Ուզում եմ իմանալ, թե ինչ արգելանքներ կան իմ նկատմամբ հարկադիրում։ Ո՞ւմ դիմեմ և ինչպե՞ս պարզեմ
Ճշտելու համար, թե արդյո՞ք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում Ձեր վերաբերյալ առկա են հարուցված վարույթներ և կիրառվա՞ծ են արդյոք արգելանքներ, բավարար է միայն ձեռքի տակ ունենալ սեփական սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը, որտեղ նշված է Ձեր հանրային ծառայության համարանիշը՝ ՀԾՀ-ն։ Սոցիալական քարտի 10 նիշանոց համարը՝ ՀԾՀ-ն, յուրաքանչյուր քաղաքացու պետության կողմից կյանքում տրվում է մեկ անգամ և ենթակա չէ փոփոխման։ Արգելանքների առկայության մասին տեղեկություններ կարող եք ստանալ միանգամից մի քանի եղանակով, և ամենևին էլ անհրաժեշտ չէ ներկայանալ հարկադիր ծառայություն։
ՏԱՐԲԵՐԱԿ 1 – Անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարման տերմինալի մոտ, սեղմել Հարկադիր ծառայություն կոճակը, մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սոցիալական քարտի համարը՝ ՀԾՀ-ն, որից հետո էկրանին կհայտնվեն տվյալներ Ձեր նկատմամբ հարկադիր ծառայությունում հարուցված վարույթների և արգելանքների մասին, ինչպես նաև՝ տվյալներ արգելանքների համար հիմք հանդիսացող գումարների չափերի և պահանջատերերի մասին։
ՏԱՐԲԵՐԱԿ 2 – Համակարգչի կամ հեռախոսի մեջ ներբեռնել «Տելեգրամ մեսենջեր» («Telegram messenger») ծրագրային հավելվածը, լրացնելով համապատասխան վանդակները՝ գրանցվել «Տելեգրամ մեսենջեր» սոցիալական ցանցում, որից հետո այդ ծրագրային հավելվածում կտեսնեք հարկադիր ծառայության ԴԱՀԿ բոտը։ Ծրագրային հավելվածում հավաքելով Ձեր սոցիալական քարտի 10 նիշանոց համարը՝ ՀԾՀ-ն, վայրկյանների ընթացքում կստացվեն տվյալներ հարուցված վարույթների, արգելանքների առկայության, գումարների չափի և պահանջատերերի մասին։ Ծրագրային հավելվածը կարող եք ներբեռնել այս հղումով, իսկ ԴԱՀԿ բոտի հետ կապը հաստատել հետևյալ հղմամբ։
ՏԱՐԲԵՐԱԿ 3 – Զանգահարել Հարկադիր ծառայության հետևյալ հեռախոսահամարով՝ 060-713-402, հետևել տրվող հրահանգներին, հավաքել հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն, և գրանցվել հարկադիր ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։ Այդ պահից սկսված Ձեր հետ կապված վարույթներով ծանուցումները կուղարկվեն նաև Ձեր հեռախոսահամարին, կուղարկվեն ծանուցումներ նաև արգելանքների կիրառման կամ դրանց հանվելու մասին։
ՏԱՐԲԵՐԱԿ 4 – Այցելել հարկադիր ծառայության պաշտոնական կայք, ֆիզիկական անձի դեպքում ընտրել ՀԾՀ պատուհանը, լրացնել Ձեր սոցիալական քարտի համարը, նշել ստուգիչ կոդը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ընտրել ՀՎՀՀ պատուհանը, լրացնել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն, նշել ստուգիչ կոդը և սեղմել որոնում։ Համակարգը ավտոմատ կերպով կբերի բոլոր այն կատարողական վարույթներն ու անհրաժեշտ տվյալները, որոնք առկա կլինեն Ձեր վերաբերյալ։ Եթե որևէ տվյալներ չգտնվեն, դա կնշանակի, որ Ձեր վերաբերյալ որևէ վարույթ առկա չէ։
ՏԱՐԲԵՐԱԿ 5 – Զանգահարել հարկադիր ծառայության «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (077), (091), (055) 713-437, և հայտնելով Ձեր անձնագրային տվյալները՝ խնդրել տրամադրել տեղեկություններ կիրառված արգելանքների և կիրառման հիմքերի մասին։ Կարող եք նաև «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբին գրել էլեկտրոնային նամակ՝ այն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected], իսկ հարցի չլուծվելու դեպքում՝ զանգահարել հարկադիր ծառայության թեժ գիծ՝ 060-713-435, կամ դիմում գրել հարկադիր ծառայություն՝ e-request.am հարցումների միասնական հարթակի միջոցով։