Տեղեկություն ստանալու հարցում եմ ներկայացրել, բայց պատասխան չկա: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Տեղեկատվության ազատություն

Տեղեկություն ստանալու հարցում եմ ներկայացրել, բայց պատասխան չկա: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Եթե Ձեր կողմից ուղղված տեղեկատվության հարցումը ստանալով՝ տեղեկությունները տնօրինողը դրանք չի տրամադրել 5-օրյա ժամկետում կամ 5-օրյա ժամկետում չի էլ հայտնել տեղեկությունները 30 օրվա ընթացքում տրամադրելու մասին, կամ չի մերժել տրամադրումը, ապա տեղեկատվության տնօրինողը Ձեր հանդեպ ցուցաբերել է անգործություն, որն էլ խախտել է տեղեկատվության ազատության Ձեր իրավունքը։

Նմանատիպ դեպքերում կարող եք նույն տեղեկատվության տնօրինողին ուղարկել Ձեր երկրորդ դիմումը՝ հայտնելով, որ նա չի պատասխանել Ձեր հարցմանը և Դուք մինչ օրս չեք ստացել որևէ մերժում նրանից։ Ձեր այս երկրորդ դիմումով կարող եք մանրամասն պարզաբանել, որ Ձեր հարցմանը չպատասխանելը խախտում է Ձեր իրավունքները, որ եթե երկրորդ անգամ ևս չտրամադրի տեղեկությունները, ապա կդիմեք դատարան Ձեր իրավունքների պաշտպանության նպատակով։ Շատ հաճախ տեղեկատվություն տնօրինող անձինք ոչ այդքան լավ են տեղյակ իրենց պարտականություններից, ուստի Ձեր կողմից երկրորդ անգամ հիշեցնելը կդիտվի դրական քայլ տեղեկատվության տնօրինողի նկատմամբ։ Կարող եք նաև զանգով մանրամասներ ստանալ Ձեր հարցման վերաբերյալ՝ պահանջելով հիմնավորել, թե ինչու մինչ օրս որևէ պատասխան չեք ստացել տեղեկատվության տնօրինողից։

Սակայն եթե Դուք չեք ցանկանում երկրորդ անգամ դիմել, և տեղեկատվությունը տնօրինողը պետական մարմին է, ապա Դուք կարող եք վերադասության կարգով ներկայացնել վարչական բողոք՝ պահանջելով պարտավորեցնել ստորադաս պետական մարմնին տրամադրելու պահանջված տեղեկատվությունը։ Այս դեպքում կհարուցվի համապատասխան վարչական վարույթ, որի արյդունքների մասին Դուք գրավոր կերպով կտեղեկացվեք։ Վարչական բողոք ներկայանցելու համար այն պետք է ձևակերպեք գրավոր, որից հետո այն ուղարկեք վերադաս մարմնին։

Դուք նաև իրավունք ունեք դիմել դատարան ընդդեմ տեղեկատվության տնօրինողի՝ պահանջելով պարտավորեցնել նրան տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։ Այս դեպքում, ճիշտ է, դատական գործընթացները տևելու են երկար, սակայն դա լինելու է առավել արդյունավետ միջոցը։ Ընդ որում՝ եթե տեղեկատվության տնօրինողը դատարան դիմելուց հետո կտրամադրի պահանջված տեղեկությունները, ապա Դուք նաև իրավունք կունենաք դատարանին խնդրելու՝ նրանից բռնագանձելու այն բոլոր դատական ծախսերը, որոնք կատարել եք՝ դատարան դիմելու համար։

Հարկ է ընդգծել, որ տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը առաջացնում է նրանց նկատմամբ տուգանքի նշանակում` 10․000-50․000 ՀՀ դրամի չափով։

Տեղեկատվության տնօրինողին ուղղված առավել խիստ բովանդակության տեղեկատվության հարցման օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։

Վարչական բողոքի ձևը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո9
Ոչ0