Կոշիկներ եմ գնել, բայց ուզում եմ փոխել: Ինչպե՞ս անեմ դա և ո՞ւմ դիմեմ

Հանրային ծառայությունների ոլորտ

Կոշիկներ եմ գնել, բայց ուզում եմ փոխել: Ինչպե՞ս անեմ դա և ո՞ւմ դիմեմ

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, գնորդն իրավունք ունի իր կողմից գնված ապրանքները, այդ թվում՝ նաև կոշիկները, հագուստը և այլ ոչ պարենային ապրանքները, գնելու պահից 14 օրվա ընթացքում հետ վերադարձնել վաճառողին՝ հետ ստանալով իր վճարած գումարները։ Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին Ձեր պահանջը կբավարարվի, եթե գնված կոշիկը չի օգտագործվել, պահպանվել են դրա սպառողական հատկանիշները, այսինքն՝ վաճառողը կարող է այն կրկին վաճառել, առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

Անձն իրավունք ունի հետ վերադարձնելու իր գնած ապրանքը՝ այն փոխարինելով այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:

Գնված ապրանքը հետ վերադարձնելու նպատակով Դուք պետք է նախ և առաջ վաճառողին ներկայացնեք վճարման անդորրագիրը, որը ստացել եք վաճառողից կոշիկը գնելիս՝ ի հավաստումն նրա, որ ապրանքը գնված է հենց նրանց մոտից։ Այնուհետև, պետք է ներկայացնել գնված կոշիկը, որը զննելուց հետո վաճառողը պարտավոր է այն հետ վերցնել և, ըստ Ձեր ցանկության, կա՛մ հետ վերադարձնել գումարը, կա՛մ էլ փոխարինել այլ ապրանքով։ Եթե վաճառողը հրաժարվում է հետ վերադարձնել գումարը կամ փոխարինել այն այլ ապրանքով՝ հղում կատարելով խանութում փակցված ցուցանակին, ապա Դուք կարող եք տեղում ահազանգել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարով 010-584-529, և հայտնել վաճառող տնտեսվարող սուբյեկտի անվանումը և հարկային կոդը, որոնք գրված են վճարման անդորրագրի վրա։

Հարկ է նկատել, որ այնուամենայնիվ, կան ապրանքների տեսակներ, որոնք ենթակա չեն փոխարինման, ինչպես, օրինակ, դեղերը, սնունդը և այլ նման արագ սպառվող ապրանքները։ Այդ ապրանքների հստակ ցանկը սահմանված է կառավարության որոշմամբ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո39
Ոչ1