Ինձ տուգանում են չամրակապվելու համար, բայց ես ամրակապվել էի։ Ի՞նչ անեմ

Ճանապարհային ոստիկանություն

Ինձ տուգանում են չամրակապվելու համար, բայց ես ամրակապվել էի։ Ի՞նչ անեմ

Ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե ակնհայտ նկատում է, որ վարորդի կողմից խախտվել է ճանապարհային երթևեկության որևէ կանոն։ Սա նշանակում է, որ ճանապարհային ոստիկանը, յուրաքանչյուր անգամ տեսնելով, որ վարորդը ամրակապված չէ և այդպես վարում է մեքենան, իրավասու է կանգնեցնել Ձեր ավտոմեքենան, ներկայանալ, հայտնել պատճառը, որից հետո կազմել վարչական իրավախախտման արձանագրություն։

Դուք կարող եք արձանագրության մեջ ներկայացնել Ձեր բոլոր առարկությունները, որոնք ունեք և ցանկանում եք նշել, և ճանապարհային ոստիկանը չի կարող դա Ձեզ արգելել։

Ակտի Ձեր օրինակը վերցնելուց հետո Դուք մեկամսյա ժամկետում կարող եք այն բողոքարկել վերադասության կարգով՝ Ձեր անհամաձայնությունը ներկայացնելով Ձեզ վերագրվող խախտման վերաբերյալ: Դիմում-բողոքը պետք է ներկայացնել ճանապարհային ոստիկանության պետի անունով, որի արդյունքում կհարուցվի վարչական վարույթ:

Ընդ որում, հարկ է արձանագրել, որ եթե վարչական ակտը կազմելիս տեսուչի համար բավարար էր միայն իր կողմից խախտումը ակնհայտ տեսնելը, ապա բողոքարկման վարույթի ընթացքում տեսուչը կրում է պարտականություն՝ ապացուցելու, որ Դուք եղել եք չամրակապված։ Եվ դա պետք է ապացուցի ոչ թե միայն իր բացատրություններով, այլ որևէ այլ ապացույցներով։ Եվ եթե չկարողանա ապացուցել, ապա կայացված վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման։

Վարչական բողոքը պետք է կազմվի գրավոր, պետք է ուղղված լինի Ճանապարհային ոստիկանության պետին, մանրամասն շարադրված լինեն Ձեր հիմնավորումները, պետք է նշված լինեն ձեր անձնագրային տվյալները, մեքենայի տվյալները։

Դիմումին պետք է կցել Ձեր անձնագրի պատճենը, որոշման պատճենը, իսկ եթե որոշումը ստացել եք փոստային ծառայության միջոցով, ապա նաև փոստային ծրարի պատճենը, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունում կարողանան պարզել, թե երբ եք ստացել այն։

Իսկ եթե բողոքարկման արդյունքում Ձեր բողոքը ևս մերժվում է, ապա Դուք ունեք հնարավորություն մերժումը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում դիմելու դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ձեր դեմ կայացված որոշումը։

Վարչական բողոքի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո79
Ոչ2