Երեխայիս ցածր գնահատական են դրել դասը խանգարելու համար՝ չնայած լավ է պատրաստված եղել: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Կրթություն

Երեխայիս ցածր գնահատական են դրել դասը խանգարելու համար՝ չնայած լավ է պատրաստված եղել: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Դպրոցներում երեխաների կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստա­տության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով: Յուրաքանչյուր դպրոց ունի իր ներքին կարգապահական կանոնները, որոնք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դպրոցի տնօրինությունը միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող է կիրառել բացառապես հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն

2) խիստ նկատողություն:

Վերոնշյալ կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցություն ցուցաբերելու առաջարկով:

Ընդ որում, սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող: Ինչպես տեսնում ենք, ցածր գնահատական դնելը կամ ցածր գնահատելը չի կարող օգտագործվել երեխայի նկատմամբ՝ որպես կարգապահական տույժ, որպես երեխայի վարքագիծը ուղղելու միջոց։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի գնահատվել իր ուսումնական առաջընթացին և ունակություններին համապատասխան։

Եթե հայտնվել եք մի իրավիճակում, երբ ուսուցիչը ցածր գնահատելը երեխայի նկատմամբ կիրառել է նրա վարքագծի համար, ապա Դուք կարող եք այդ մասին տեղեկացնել դպրոցի տնօրինությանը՝ հայտնելով Ձեր առարկությունները և պարզաբանելով, որ ուսուցիչը կարող է երկու տեսակի կարգապահական տույժ կիրառել երեխայի նկատմամբ, և բացի դրանից, ուսուցչի բոլոր գործողու­թյունները համարվում են ապօրինի։ Եթե դրանով հանդերձ Ձեր խնդիրը չլուծվի, և շարունակվեն նմանատիպ ճնշումները ձեր երեխայի նկատմամբ կամ Ձեր երեխայի համար ստեղծեն անհավասար պայմաններ կամ վատ վերաբերմունք ցուցաբերեն, ապա կարող եք այդ մասին անմիջապես ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծով՝ 1-08 հեռախոսահամարով, կամ անմիջապես Երևանի քաղաքապետարանի կրթության բաժին՝ 011 514-249 և 011 514-250 հեռախոսա­համարներով։ Իսկ եթե դպրոցը գտնվում է մարզերում, ապա անհրաժեշտ է խնդրի մասին հայտնել համապատասխան համայնքի ղեկավարին կամ մարզպետարանի աշխատակազմին։ Բոլոր դեպքերում, տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության թեժ գիծ՝ 010-527-343 հեռախոսահամարով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո39
Ոչ5