Ամուսինս ինձ որևէ գումար չի տալիս ու չի թողնում, որ ինքս աշխատեմ. ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ընտանեկան բռնություն

Ամուսինս ինձ որևէ գումար չի տալիս ու չի թողնում, որ ինքս աշխատեմ. ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

2018 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքը կարգավորել է նաև ընտանիքում տնտեսական բռնության հետ կապված հարցերը։ Ըստ այդ օրենքի, ընտանիքում բռնություն Է համարվում նաև տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև: Մասնա­վորապես, տնտեսական բռնություն է համարվում անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը։

Այն բոլոր դեպքերում, երբ կարծում եք, որ Ձեզ ենթարկում են տնտեսական բռնության, մասնավորապես՝ անհարկի սահմանափակում են աշխատելու Ձեր իրավունքը, և դրանով հանդերձ մյուս ամուսինը չի տրամադրում գումար՝ սնունդ, դեղորայք, հագուստ կամ ապրելու համար կարևոր այլ ապրանքներ գնելու համար՝ դրանով իսկ Ձեզ դնելով նյութական կախվածության մեջ նրանից, ապա Դուք կարող եք զանգահարել ոստիկանության հերթապահ մաս 1-02 հեռախոսահամարով և հայտնել, որ Ձեր ամուսնու կողմից կատարվել է տնտեսական բռնություն Ձեր հանդեպ և Դուք օգնության կարիք ունեք։ Այս արարքը դեռևս չի նշանակում, որ ոստիկանները անմիջապես պետք է քրեական գործ հարուցեն կամ քրեական պատասխանատվության ենթարկեն Ձեր ամուսնուն, այլ միայն կմիջամտեն, որ դադարեցվի տնտեսական բնռության գործադրումը։ Ոստիկանության աշխատակիցները, նախ, բացատրություններ կվերցնեն երկու ամուսիններից, որից հետո Ձեր ամուսնուն կվերցնեն հաշվառման, որ մեկ տարի շարունակ ամեն ամիս պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնեն նրա հետ՝ հորդորելով հետագայում զերծ մնալ նման գործողություններից։ Ոստիկանությունը այլ միջոցներ կձեռնարկի այն դեպքում, երբ Դուք կրկին բողոք կներկայացնեք Ձեր ամուսնու դեմ այն մասին, որ, օրինակ, նա շարունակում է տնտեսական բռնության ենթարկել Ձեզ։ Ոստիկանության աշխատակիցները Ձեր ահազանգի հիման վրա իրավասու են կիրառել հետևյալ միջամտություններից որևէ մեկը․

1) նախազգուշացումը.

2) անհետաձգելի միջամտության որոշումը.

3) պաշտպանական որոշումը:

Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը կատարվել է առաջին անգամ, և կատարված արարքը հանցագործություն չի համարվում։ Նախազգուշացում կիրառելու մասին որոշում կայացվելուց հետո անձին տեղեկացվում է, որ եթե բռնությունը շարունակվի կամ կրկնվի, ապա կկիրառվեն ավելի խիստ պատասխանատվության միջոցներ: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում: Իսկ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն տնտեսական բռնության կրկնման կամ շարունակման վտանգի մասին, ապա ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում, որն իր մեջ ներառում է, օրինակ՝ 1) հարկադրել Ձեր ամուսնուն անհապաղ հեռանալ բնակարանից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև սահմանված ժամկետի լրանալը, 2) արգելել Ձեր ամուսնուն այցելել կամ տեսակցել Ձեզ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև Ձեր խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրերում, ինչպես նաև՝ կիրառել այլ միջամտական գոչծողություններ, հարկադրել Ձեր ամուսնուն տրամադրելու ֆինանսական միջոցներ Ձեր երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո12
Ոչ0